
ԵՄ-ն ու ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել են ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկի մասին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել են ազատ առևտրի գոտու ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու մասին:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն երեկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է.
«Այօսր հատուկ օր է ԵՄ-ի ու ԱՄՆ-ի փոխհարաբերությունների համար: Մենք հայտարարել ենք առևտրի ու ներդրումների ոլորտում անդրատլանտյան գործընկերության մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մասին»:
Դևիդ Քեմերոնն իր հերթին հայտարարել է, որ նման հնարավորություն լինում է սերնդում մեկ անգամ, և որ իրենք լի են վճռականությամբ՝ դրանից օգտվելու համար: Բարաք Օբաման իր աջակցությունն է հայտնել Բառոզուի և Քեմերոնի հայտարարություններին:
Նշվում է, որ հեռանկարում ազատ առևտրի գոտին պետք է ստեղծի հազարավոր նոր աշխատատեղեր և կարագացնի տնտեսական աճն Ատլանտիկայի երկու կողմում էլ: Բանակցությունների առաջին փուլը կանցկացվի հուլիսին, Վաշինգտոնում: Ակնկալվում է, որ բանակցությունները կտևեն առնվազն 18 ամիս: