Փրկարար-վարորդը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի առանցքում
2013թ. հունիսի 12-ին կալանավորվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական վարչության թիվ 10 ջոկատի վարորդ Ս.Օհանյանը: Հատուկ քննչական ծառայության տեղեկացմամբ, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի, այն է՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ փրկարար ծառայության վարորդը, 2013թ. մայիսի 14-ին ոչ սթափ վիճակում վարելով իրեն ամրակցված ՀՀ ԱԻՆ ծառայողական «Իսուզու» մակնիշի, 339 VV 01 պետհամարանիշի ավտոմեքենան, թույլ է տվել ճանապարհային երթևակության կանոնների խախտում, ինչի արդյունքում դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել Ռոբերտ Աբրահամյանի վարած «Ֆիատ» մակնիշի, 03 ԼՏ 096 պետհամարանիշի ու Արթուր Մանուկյանի վարած «Օպել» մակնիշի, 34 PՍ 631 պետհամարանիշի ավտոմեքենաներին: Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից Ռ.Աբրահամյանը նույն օրը հիվանդանոցում մահացել է:
Դատարանի որոշմամբ Ս. Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորում: