
Բողոքի ակցիաները կարող են Թուրքիայի զբոսաշրջային ինդուստրիային պատճառել մոտ 25 միլիարդ դոլարի վնաս

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի զբոսաշրջային բիզնեսի ներկայացուցիչները հայտարարել են, որ «Գեզի» այգու համար անցկացվող բողոքի ակցիաները կարող են վիթխարի վնաս պատճառել երկրի զբոսաշրջային ոլորտին:
Մասնավորապես, զբոսաշրջային ինդուստրիային կարող է հասցվել մոտ 25 միլիարդ դոլարի վնաս: Դրա հետ մեկտեղ Թուրքիայի տուրօպերատորները հուսով են այդ վնասը փոխհատուցել արաբական երկրներից ժամանող զբոսաշրջիկների հաշվին:
Ակնկալվում է, որ վերջիններիս ներհոսքը Թուրքիա կավելանա օգոստոսին՝ մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսին: Թուրքական զբոսաշրջային ընկերություններն արդեն իսկ սկսել են Ստամբուլի գովազդը՝ որպես Ռամադանի ժամանակ մուսուլմանների համար հիանալի վայր:
Նախքան «Գեզի» այգու համար բողոքի ակցիաների սկսվելը Թուրքիայի զբոսաշրջային ինդուստրիայի ներկայացուցիչները նպատակադրվել էին, որ այս տարի երկրի կայցելի 32 միլիոն զբոսաշրջիկ, ինչը երկրին կբերի 25 միլիարդ դոլար: Ներկա դրությամբ Թուրքիա է այցելել 10 միլիոն զբոսաշրջիկ, մնացյալ 22 միլիոն զբոսաշրջիկի հարցը մնում է անորոշ: