Հասան Ռոուհանին ուղիղ երկխոսություն սկսելու համար երկու նախապայման է ներկայացրել ԱՄՆ-ին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նրընտիր նախագահ Հասան Ռոուհանին Թեհրանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանը չի հրաժարվի ուրան հարստացնելուց, ինչպես որ պահանջում է միջազգային հանրությունը.

«Ինչ վերաբերում իրանական միջուկային ծրագրի կարգավորմանն ու «Վեցյակի» հետ բանակցություններին, ապա կարող եմ ասել, որ բանակցային գործընթացը միայն կփոխվի դեպի լավը՝ ավելի կոնկրետ ասած՝ կդառնա առավել դինամիկ»:

Ռոուհանին չի բացառել, որ ԱՄՆ-ի հետ կարող է սկսվել ուղիղ երկխոսություն, սակայն դա հնարավոր է մի շարք պայմանների պահպանման դեպքում. «Պետք է հասկանալ, որ գոյություն ունեն որոշակի պայմաններ, որոնց պահպանման դեպքում կարող է տեղի ունենալ երկխոսություն (Թեհրանի ու Վաշինգտոնի միջև):

Դա առաջին հերթին առնչվում է Իրանի ներքին գործերին չմիջամտելուն, իսկ երկրորդն այն է, որ ԱՄՆ-ը պետք է ճանաչի խաղաղ ատոմից օգտվելու Իրանի իրավունքը: Այդ պայմանների պահպանման դեպքում կստեղծվի բարենպաստ հող՝ հնարավոր երխոսության համար»:

Ռոուհանին ընդգծել է, որ մտադիր է կառուցողական երկխոսություն սկսել միջազգային հանրության հետ, և թափանցիկություն ցուցաբերել իր միջուկային ծրագրի հարցում:
Ռոուհանիի խոսքերով՝ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները կոշտ են, մինչդեռ Իրանի ժողովուրդը որևէ սխալ թույլ չի տվել, իսկ Իրանի միջուկային ծրագիրը համապատասխանում է միջազգային օրենքներին:

Նորընտիր նախագահը հավելել է, որ Իրանը երկու կարևոր քայլ է ձեռնարկելու պատժամիջոցների խնդրի լուծման ուղղությամբ, որոնցից մեկը միջուկային ծրագրի թափանցիկության ապահովոմն է, իսկ մյուսն այլ երկրների ու Իրանի միջև փոխադարձ վստահության մակարդակի բարձրացումը:

Հիշեցնենք, որ Սպիտակ տունը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի հետ ուղիղ երկխոսություն սկսելուն:

Տեսանյութեր

Լրահոս