«Որևէ կապ չունեմ կատարվածի հետ». Վարդան Սեդրակյանը` Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մասին

Երևանի Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Պ. Հայրիկյանի դեմ  իրականացված մահափորձի գործով դատական նիստը։ Գործով ապացույցների հետազոտումից հետո դատարանն անցավ մեդադրյալների հարցաքննությանը։ Գործով մեղադրյալ Վարդան Սեդրակյանը դատարանում հայտարարեց, որ Պարույր Հայրիկյանի հետ կատարվածի մասին իմացել է հեռուստատեսությամբ, տանը, ընտանիքի անդամների հետ։ Այնուհետև հեռուստատեսությամբ տեսել է, որ Պ. Հայրիկյանին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն և որոշել է այցելել նրան։ Սակայն բժշկական կենտրոնում իրեն թույլ չեն տվել տեսակցել Պ. Հայրիկյանին, քանի որ նրան որոշակի դեղեր են ներարկված եղել։ «Որևէ կապ չունեմ կատարվածի հետ»,- հայտարարեց Վարդան Սեդրակյանը։ Նա դատարանին դիմեց խնդրանքով, որպեսզի դատարանը փոխի իր նկատմամբ կիրառված խափանված միջոցը։ Վարդան Սեդրակյանը նշեց, որ մեղադրողը իր մեղքն ապացուցող հանգամանքներից մեկն էր համարում այն, որ 2013 թվականի հունվարի 8-ին ժամը 11:45-ին, գործով մեղադրյալ Սամվել Հարությունյանը զանգահարել է իրեն։ Վարդան Սեդրակյանը նշեց, որ միևնույն տրամաբանությամբ ինքը կարող է հայտարարել, որ Սամվել Հարությանը հունվարի 6-ին եկել է իրենց տուն և շնորհավորել Ամանորը։ «Ես այսօր չեմ տեսնում լուրջ պատճառ որ ես պետք է լինեմ բանտում»,- ասաց Վարդան Սեդրակյանը։ Նա նշեց, որ քանի որ գործն իր հետ ընդհանրապես կապ չունի, ինքը հրաժարվում է պատասխանել դատավարության կողմերի հարցերին։ Պարույր Հայրիկյանին ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը հարցրեց, արդյո՞ք Վարդան Սեդրակյանը 4 միլիոն դոլարի խաղադրույք կատարել է: Վարդան Սեդրակյանը չցանկացավ պատասխանել այդ հարցին, նշելով, որ, դա քրեական գործի հետ որևէ կապ չյունի։ Դատավոր Գագիկ Պողոսյանը Վարդան Սեդրակյանից հետաքրքրվեց` եթե վերջինս նորմալ հարաբերություններ է ունեցել ամբաստանյալներ Խաչատուր Պողոսյանի և Սամվել Հարությունյանի հետ, ապա ինչո՞ւ են վերջիններս ցուցմունք տվել նրա դեմ։ Վարդան Սեդրակյանը հարցին պատասխանեց, որ այդ հայտարարություններն իր տրամաբանության մեջ չեն մտնում, և պատճառը հավանաբար այն է, որ ինչպես հայտարարել է ամբաստանյալ Սամվել Հարությունյանը, նրանք ցանկացել են իրենից գումար շորթել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս