
Ինչո՞ւ Վերահսկիչ պալատը չի ուղարկել մնացած գործերը

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, ով խորհրդարանում Վերահսկիչ պալատի (ՎՊ) 2012թ. տարեկան հաշվետվության հարակից զեկուցմամբ էր հանդես գալիս, մի քանի հարց ուղղեց: ՀՅԴ պատգամավորը նախ նկատեց, որ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը հաստատվել է ՎՊ խորհրդի նիստում, իսկ Կառավարությունն իր ծրագիրը հաստատել է դրանից 40 օր անց. «Ենթադրվում է, որ ՎՊ հաշվետվությունից հետևություններ եք արել խախտումների մասով, ու տրամաբանական է, որ դրանք պետք է արտացոլված լինեին` անհապաղ փոփոխության ենթարկվելիք ոլորտների մասով»: Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե ՎՊ-ն մեկ դեպքի հիմքում է միայն գործ ուղարկել Դատախազություն, Կառավարությունը քննարկե՞լ է պատճառը` ինչո՞ւ ՎՊ-ն չի ուղարկել մնացած գործերը, այն դեպքում, երբ կոնկրետ մեղադրանքներ կան, ասենք՝ «վարկային միջոցների ոչ նպատակային օգտագործում»: Ի պատասխան՝ փոխվարչապետը նշեց, թե կառավարության գործունեության ծրագրին զուգընթաց՝ հաստատվել է նաև ծրագրից բխող միջոցառումների ցանկը, որը Արմեն Գևորգյանի խոսքով՝ թարմացվելու է. «Ուստի այդ միջոցառումների ցանկի մեջ կարող եք գտնել այն խնդիրների լուծումների անդրադարձը, որոնք քննարկում ենք»:
Արմեն Գևորգյանը շեշտեց, որ ինքն իր գործընկերների հետ քննարկել է Արծվիկ Մինասյանի հնչեցրած հաջորդ հարցը ու եկել այն եզրահանգման, որ այդ մատնանշումները քրեաիրավական խնդիրներ չեն առաջացնում: Փոխվարչապետն ընդգծեց նաև, որ իր կարծիքով` եթե այդ տեսանկյունից հաշվետվությունն ուսումնասիրելու անհրաժեշտությունը կա, ապա իրենք կուսումնադիրեն ու կհրապարակեն արդյունքները. «Բայց պետք է կրկնվեմ` քննարկումներին ես չեմ մասնակցել ու Դատախազություն դիմելու հարցի մասին տեղյակ չեմ, բայց կխնդրեմ իմ գործընկերներին` այդ տեսանկյունից ևս մեկ անգամ ուսումնասիրել հաշվետվությունը»: