Թուրքիայի իշխանություններն «ապօրինի» են որակել արհմիությունների կազմակերպած գործադուլը
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանություններն «ապօրինի» են որակել թուրքական երկու ազդեցիկ արհմիությունների կազմակերպած այսօրվա գործադուլը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը:
Թուրքական 5 արհմիություններ, այդ թվում նաև KESK-ն ու DISK-ը դեռ երեկ էին հայտարարել, որ այսօր անցկացնելու են խոշոր գործադուլ՝ կապված ցուցարարների հետ ոստիկանության բախումների հետ: NBC News-ի հաղորդմամբ՝ երեկվա բախումների ժամանակ ձերբակալվել է 441 մարդ:
Անդրադառնալով ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ չափից ավելի ուժ գործադրելու դեպքերի հետաքննությանը՝ Գյուլերը հայտարարել է, որ երեք դեպքում որոշում է ընդունվել ոստիկաններին աշխատանքից հեռացնելու մասին, որոնցից երկուսն առնչվում են Իզմիրին, իսկ մեկը՝ Ստամբուլին:
Գյուլերը հավելել է, որ ոստիկանությունը շարունակում է հետաքննել ոստիկանության կամայականությունների մասին մնացյալ բոլոր հաղորդագրությունները: Գյուլերն ընդգծել է, որ նախարարությունը պլանավորել է նախաձեռնել դատական գործընթացներ սոցցանցերի այն օգտատերերի նկատմամբ, որոնք անկարգությունների կոչեր են անում և հրապարակում են ապատեղեկատվություն: