Թուրքիայի բողոքի ակցիաների հետևում կանգնած է ԱՄՆ-ը. Էրդողանի կուսակցություն

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հայտարարել է, որ Թուրքիայում ընթացող բողոքի ակցիաների հետևում կանգնած է ԱՄՆ-ը:

ԱԶԿ-ի գործադիր քարտուղար Հուսեին Չելիքը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ամեն ինչ իր տեղը դրեց Yeni Şafak թերթում հրապարակված «Ծածկանունը «Ստամբուլյան ապստամբություն»» խորագրով հոդվածը:

Նախօրեին իշխանամետ այդ թերթը գրել էր, որ Թուրքիայում անցկացվող բողոքի ակցիաները պլանավորվել են դեռ մի քանի ամիս առաջ Ամերիկյան ձեռնարկատիրական ինստիտուտի (American Enterprise Institute) կողմից:

Չելիքի կարծիքով՝ հետախուզական տվյալները նույնպես հաստատում են Yeni Şafak-ի հրապարակումը. «Մենք տեղյակ էինք, որ այդ ինստիտուտում քննարկվել են Թուրքիայում իրավիճակն ապակայունացնելու և «Գեզի» այգու հետ կապված՝ երիտասարդությանը ցույցերի ու բողոքի ակցիաների դրդելու հնարավորությունները, սակայն չգիտեինք, որ նրանք կարող էին այդքան հեռու գնալ:

Արտասահմանում մի շարք քաղաքական գործիչների մտահոգում է Թուրքիայի զարգացումն ու արտաքին քաղաքականությունը: Թեև արտասահմանում սցենարներ են գրում թուրք ժողովրդի համար, սակայն մենք պետք է որոշենք կատարե՞լ այդ սցենարները, թե՞ ոչ»:

Չելիքը հավելել է, որ Yeni Şafak թերթի տվյալներով՝ American Enterprise Institute-ում վերոնշյալ հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Դոնալդ Ռամսֆելդը, ԱՄՆ պաշտպանության նախկին փոխնախարարներ Փոլ Վոլֆովիցը և Դուգլաս Ֆեյթը, պրոֆեսոր-արևելագետ Բեռնարդ Լյուիսը, ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Էլիոտ Աբրամսը, ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Փերլ Ռիչարդը, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլտոնը, ամերիկացի հանրահայտ և ազդեցիկ քաղաքական մեկնաբաններից Ուիլյամ Կրիստոլը, ով հայտնի է իր հակաթուրքական դիրքորոշմամբ:

Տեսանյութեր

Լրահոս