
Աղբավայր՝ խնձորի այգիների կենտրոնում

Աշտարակի բնակիչները դիմել են ՀՀ վարչապես Տիգրան Սարգսյանին` բողոքելով աղբավայր կառուցելու հարցում պետական մարմինների` ՀՀ բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքաշինության նախարարությունների անգործության դեմ: Այս մասին հայտնում է «Էկոլուրը»։
Խնդիրն այն է, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը որոշել է աղբավայր կառուցել Երևան-Աշտարակ մայրուղու մոտակայքում գտնվող մոտ 500 սեփականատերեր ունեցող խնձորի այգիների կենտրոնում:
«Արագածոտնի մարզպետի մոտ եղել ենք սույն թվականի ապրիլի 29-ին, որտեղ ներկա են եղել ՀՀ քաղաքաշինության, գյուղատնտեսության, բնապահպանության փոխնախարարները: Նրանց ներկայությամբ բանավոր կերպով և այդ նույն օրը Աշտարակի քաղաքապետին գրավոր կերպով խնդրել ենք կատարել անհրաժեշտ գործողություն, ինչը չի կատարվել մինչ օրս…»,- մասնավորապես նշված է դիմումում:
Բնակիչները համոզված են, որ տհաճ հոտը և կրծողները կոչնչացնեն այգին: Դիմումում նշված է, որ աղբավայրի նման օբյեկտի կազմակերպումը պետք է անպայման փորձաքննության ստացման եւ հասարակական լսումների անցկացման գործընթաց անցնի:
«Բայց, ոչ մի քննարկում չի եղել…»,-նշում են նրանք: Ինչպես նաև պահանջում են տրամադրել նախագծի մասին տեղեկատվություն, եթե այն գոյություն ունի, տրամադրել տեղեկություն ընկերության մասին, որը մտադիր է իրագործել նախագիծը, և ներկայացնել բացատրություն այն մասին, թե շրջակա միջավայրի վրա ինչպիսի ազդեցություն և ռիսկեր է կրում քաղաքի աղբավայրի այդ նախագիծը: Մինչ այժմ դիմումին ոչ մի պատասխան չի եկել:
Էկոլուր