Սաակաշվիլին պահանջում է, որ մարզիկները Սոչիում հանդես գան ոչ թե Վրաստանի, այլ՝ ՄՕԿ-ի դրոշով. Известия
Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ու նրա «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը կտրականապես դեմ են հանդես գալիս, որ վրացի մարզիկները մասնակցեն 2014 թվականին Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերին:
Նրանք առնվազն պահանջում են, որ այդ խաղերի ժամանակ վրացի մարզիկները չկրեն Վրաստանի դրոշը: Վրաստանի խորհրդարանի՝ տարածքային ամբողջականության վերականգնման գծով հանձնաժողովի փոխնախագահ, ՄԱՇ-ի պատգամավոր Շոթա Մալաշխիան թերթին հայտարարել է.
«Եթե մարզիկներն իրենք չեն ցանկանում հրաժարվել մրցաշարին մասնակցելուց, ապա նրանք պետք է հանդես գան ոչ թե երկրի անունից, այլ՝ օլիմպիական շարժման (Միջազգային օլիմպիական կոմիտեի, ՄՕԿ) դրոշով: Վրաստանը՝ որպես պետություն, չպետք է ոչ մի կերպ ներկայացված լինի Սոչիում»:
Օլիմպիական խաղերը բոյկոտելու հարցում գլխավոր գաղափարախոս Մալաշխիան հավելել է, որ Սաակաշվիլին կիսում է այդ տեսակետը՝ ընդգծելով, որ իրենք քննարկել են ՄՕԿ-ի դրոշով վրացի մարզիկների ելույթ ունենալու հարցը, ինչը կլինի ստեղծված իրավիճակից ելք:
Դրա հետ կապված՝ ՄԱՇ-ի մեկ այլ պատգամավոր Նուգզար Ցիկլաուրին հայտարարել է. «Այդ դեպքում նրանք խնդիրներ չեն ունենա հետագա կարիերայի հարցում, նրանց չեն հեռացնի հետագա մրցաշարերից, միևնույն ժամանակ Վրաստանը՝ որպես պետություն, ներկայացված չի լինի Օլիմպիադայում: Ընդգծում եմ՝ որպես օկուպացված պետություն»
Վրաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) առաջին փոխնախագահ Էլգուջա Բերիշվիլին իր հերթին ռուսական թերթին հայտնել է, որ սկզբունքորեն գոյություն ունի ոչ ազգային դրոշով Օլիմպիական խաղերում հանդես գալու պրակտիկա՝ հիշեցնելով, որ 1980 թվականին Մոսկվայում անցկացված Օլիմպիական խաղերի բացման ու փակման արարողակարգերի ժամանակ 15 երկրների հավաքականաններ հանդես են եկել ՄՕԿ-ի դրոշի ներքո: