
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն օգտակար կլինի նաև Իրանի համար. Ադրբեջանում Իրանի դեսպան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելը և դրա վերսկսվելը վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար: Հակամարտության գոտուն հարելը սպառնում է Իրանի անվտանգությանը:
Խաղաղության հաստատումն օգտակար կլինի ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև՝ ողջ տարածաշրջանի, այդ թվում նաև Իրանի համար: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է հակամարտությունը լուծել կարճ ժամանակահատվածում:
Դուք տեղյակ եք, որ ներկայումս Իրանը նախագահում է Չմիավորման շարժում կազմակերպությունում, տարածաշրջանում ունի ազդեցություն և Իսլամական համագործակցության ակտիվ անդամ է:
Եթե կողմերը ցանկանան, Իրանը կարող է օգնել հակամարտության կարգավորմանը: Հայաստանի ու Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ ունենալն Իրանին հնարավորություն է տալիս աջակցել հակամարտության կարգավորմանը»: