Բաժիններ՝

Տիգրան Սարգսյանը քննադատում է ԶԼՄ-ներին՝ ոչ բավարար պրոֆեսիոնալիզմի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանում մեկնարկած «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» միջազգային համաժողովի բացմանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը մտնում է աշխարհի առաջին հինգ պետությունների շարքում, որոնք պետական բյուջեի ծախսերն ամբողջությամբ դարձրել են թափանցիկ: Օն-լայն ռեժիմով աշխարհի ցանկացած ծայրից բոլոր մանրամասնություններով և փաստաթղթերով կարելի է հետևել, թե այսօր ՀՀ պետական բյուջեն ինչ ծախսեր է կատարել:

«Այս երկու տարիների ընթացքում, երբ այս համակարգը ներդրվել է, ընդամենը մեկ դեպք է եղել, որ ԶԼՄ-ներն անդրադարձել են պետական գնումներին և կասկած հայտնել՝ արդյոք այս գործարքն արդարացված էր: Այն պարագայում, երբ ԶԼՄ-ներից մենք տեղեկատվություն ենք ստանում, թե պետական միջոցները փոշիացվել են, վատնվել են և այլն: Դրա ապացուցողական մասը, ցավոք սրտի, բացակայում է: Այս աշխատանքը ենթադրում է պրոֆեսիոնալիզմ, այն ԶԼՄ-ները, որոնք իրենց առջև նպատակ են դրել զբաղվել հետաքննությամբ, բացահայտել իշխանությունների չարաշահումները, պետք է ունենան նաև գիտելիքներ և հնարավորություն՝ վերլուծելու այդ տեղեկատվությունը, որպեսզի ապատեղեկատվություն չտարածվի»,- ասել է վարչապետը և ցավով նշել, որ այսօր առկա է այդպիսի պրոֆեսիոնալ, պատասխանատու դրսևորումների շատ ցածր աստիճան:
Կառավարության ղեկավարի դիտարկմամբ՝ սա ենթադրում է, որ միասին պետք է սովորենք աշխատել նոր միջավայրում, երբ տեղեկատվությունը բաց է և թափանցիկ, հասանելի հասարակության համար:«Անցումային հասարակություններում մեծ ռիսկ և վտանգ կա, երբ մարդիկ սկսում են առհամարանքով վերաբերվել նոր գիտելիքների ձեռքբերմանը: Այստեղ մեծ նշանակություն ունի նաև պատասխանատավությունը. եթե մենք գործ ունենք ոչ ստույգ տեղեկատվության հետ, որը չի համապատասխանում իրականությանը և ստվեր է գցում ազնիվ ու պատասխանատու մարդկանց վրա, պետք է լինենք հետևողական, պատասխանատվության կանչենք այն մարդկանց, ովքեր թույլ են տալիս այդպիսի ապատեղեկատվություն: Սա էլ նուրբ խնդիր է, որին մենք դեռևս պատրաստ չենք, որովհետև, այս առումով, ցանկացած գործողություն դիտարկվում է որպես ճնշում ընդդիմախոսի նկատմամբ, այլ ոչ թե օբյեկտիվ և հասկանալի ձգտում՝ հասնելու ճշմարտությանը: Այստեղ էլ դեռևս պետք է ճանապարհ անցնենք, որպեսզի լինի վստահություն նաև իրավապահ, դատական մարմինների նկատմամբ: Սրանք են այն սկզբունքները, որոնց հիման վրա կառուցվում է կառավարության ծրագիրը և մեր գործողությունները»,- եզրափակել է Տիգրան Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս