Բաժիններ՝

Ջղախոտը՝ որպես դեղամիջոց

Հնում կարծել են, որ ջղախոտից պատրաստված հուռութը պաշտպանում է ճամփորդին։ Հայտնի է եղել նաև բույսի բուժիչ` արյունարգել, ցավամոքիչ և վերքամոքիչ հատկությունները։

Պահպանվել են տվյալներ, որ 12-րդ դարում ջղախոտը մշակվել է Չինաստանում, այն կարող են հավաքել միայն գիտակ մարդիկ։ Բույսի այլ անվանումներն են` եզնալեզու, եզան լեզու, լեզվախոտ, գառնալեզու, լեզվակ, ջղաթուփ, մալի լեզու և այլն։
Հայտնի են ջղախոտի ցեղի մոտ 260 տեսակներ, ՀՀ բնական պայմաններում հանդիպում են ջղախոտի մի քանի տեսակներ։ Առավել հայտնի են ջղախոտ մեծը (Plghtago major), և նշտարատերևը (P. lanceolata)։
Այսրկովկասում տարածված է նաև ջղախոտի մի տեսակ, որի տերևները նման են լվախոտին` ունեն հակադիր դասավորություն և գծային են։ Լատիներեն անվանումն է` Psyllium=լու, տերևների վերին մասը պատված է խավոտ գեղձիկներով։ Այս տեսակը մշակվում է Ուկրաինայում, միամյա բույս է, ընդգրկված է եղել ԽՍՀՄ դեղաբանական ցանկում։
Փորձնական եղանակով ապացուցված է, որ այս տեսակի սերմերն ունեն ջրի մեջ ուռչելու հատկություն` 37 C ջերմաստիճանում 1 ժամ հետո սերմի ծավալը մեծանում է` 2, իսկ 2,5 ժամ հետո 4` անգամ։ Թթվային միջավայրում նման գործընթացը դանդաղում է, իսկ ալկալային միջավայրում` արագանում. 37 C ջերմաստիճանի տակ սերմի ծավալը 15 րոպեում մեծանում է` 5, իսկ 3 ժամ անց` 9 անգամ։
Փորկապության դեպքում հիվանդին նշանակում են 1 ճ/գ նախօրոք ջրում թրմված ջղախոտի (P. psyllum) սերմ` նախաճաշից առաջ։
Սերմը հարուստ է լորձաթաղանթով, ինչի շնորհիվ ունի պարուրող հատկություն, նաև փափկեցնող, հակաբորբոքային, հակամանրէ ազդեցություն։ Սերմից ստացված պատրաստուկները լավ արդյունքներ են տալիս աղեստամոքսային համակարգի լորձաթաղանթի վնասվածքների (խոցերի), քրոնիկ բորբոքումների և արյունահոսության դեպքում, քանի որ սերմն ունի ոչ միայն վերքամոքիչ, այլ նաև արյունարգել հատկություններ։
Այս տեսակի թարմ տերևներից զտված հյութը կիրառվում է դիզենտերիայի համալիր բուժման ընթացքում։
Արտադրվում է «Ջղախոտի հյութ» դեղամիջոցը, որը P.psyllum և P. major տեսակների թարմ հավաքած խոտերից ստացված հյութերի խառնուրդ է (1։1)։ Խորհուրդ է տրվում ստամոքսահյութի ցածր թթվայնության, ստամոքսաբորբի, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի, քրոնիկ կոլիտի դեպքում և արտաքին վերքերի բուժման համար։
* Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ, ուտելուց 15-20 րոպե առաջ` 50 մլ ջրի հետ, շարունակեք 1 ամիս։
Ջղախոտ մեծը բազմամյա բույս է, ունի կարճացված հիմնական արմատ, որը ճյուղավորվելով նուրբ արմատիկների` վերածվում է փնջաձև արմատի։ Տերևները կոթունավոր են, սրագագաթ, նստադիր, աճում են հողի մակերեսի վրա գտնվող արմատավզիկից և կազմում են խիտ վարդակ։ Տերևները լայն ձվաձև են, ունեն 5-9 ջղեր` սովորաբար մերկ։ Արմատավզիկի վրա և տերևածոցերում գոյացող բողբոջներից առաջանում են ծաղկակոթուններ, որոնք լիքն են ու կլոր, խավոտ, դեպի ներքև հաստացող, մինչև 70 սմ բարձրությամբ։ Ծաղկակոթունի վերևի մասը, իսկ երբեմն` կեսից սկսած` վերջանում է հասկագլանաձև ծաղկափթթությամբ, ծաղկեպսակը բաց գորշավուն է, ծաղիկները խիտ են դասավորված։ Պտուղը 8-16 սերմ ունեցող ձվաձև տուփիկ է, սերմերը մանր են, տարաձև, նիստավոր։ Հասունացած սերմերը հեշտությամբ են անջատվում հասկի առանցքից, տարածվում են փոխադրամիջոցների, քամու, ջրի, ձնհալի, նաև մարդուն և կենդանիներին կպչելու միջոցով։ Բույսի այլ անվանումն է` եզան լեզու մեծ։
Ջղախոտ մեծը տարածված է ամենուր, սակայն ավելի շատ է հանդիպում բնակավայրերի մոտակայքում, ճամփեզրերին։ Այս բույսը կարծես ամենուր «հետևում» է մարդուն։ Պահպանվել են տվյալներ, որ ջղախոտ մեծի սերմերը Նոր Աշխարհ են հասել առաջին եվրոպացի նորաբնակների հետ, և բույսը շատ արագ տարածվել է ողջ մայրցամաքով։ Տեղաբնակներն անվանել են «Սպիտակ մարդու» հետք։
Ջղախոտ նշտարատերևը բազմամյա բույս է, արմատն առանցքային է, լայն փնջավորվող մազարմատներով։ Տերևները նեղ են, հաստ, նշտարաձև-սրագագաթ, կազմում են մերձարմատային վարդակ։ Ցողունը բարակ է, ընդհանուր առմամբ` ուղղաձիգ, բայց աղեղնաձև կորացած, յուրաքանչյուր գագաթում կա հասկանման երկարավուն ձվաձև ծաղկափթթություն։ Պտուղը բաղկացած է երկու տուփիկից, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկական սերմնարան, հաճախ է հանդիպում երեքնուկի և առվույտի ցանքերի մեջ, իսկ քանի որ այդ երեք մշակաբույսերի սերմերն արտաքնապես գրեթե անհնար է տարբերել, ապա անցնելով անասունների մարսողական համակարգով` դուրս է գալիս ծլունակ վիճակում և գոմաղբի հետ խառնվում հողին։
Առավել տարածված է ջղախոտ մեծը. ծաղկում է մայիսից մինչև աշնան սկիզբը, սերմերը հասունանում են հուլիսից մինչև աշնան վերջ։ Համեմատած այլ տեսակների հետ` տերևներն ավելի խոշոր են` մինչև 20 սմ երկարությամբ և 10 սմ լայնությամբ։ Մեկ բույսը կարող է տալ 8-60 հազար կենսունակ սերմեր։
Ջղախոտ մեծի տերևում պարունակվող պեկտինն ունի վերքամոքիչ հատկություն, իսկ հյութը պարունակում է ստամոքսի արտազատողական գործունեությունն ուժեղացնող բազմաթիվ կենսաբանորեն ակտիվ նյութեր` սապոնիններ, դաբաղանյութեր, նաև կրեմնիումի, նիկոտինի և ցիտրինի թթուներ։
Նյութերի մի այլ խումբ` ֆլավոններ, ստերիններ, լորձանյութ և այլն, ունի արտահայտված հակաբորբոքային ազդեցություն։ Բույսը պարունակում է նաև շաքարներ, ենթավիտամին A, C և K վիտամիններ, օրգանական թթուներ, ստերոիդներ, ալկալոիդներ, ամինաթթուներ, ֆիտոնցիդներ, ճարպային թթուներ, կալիումի և կալցիումի աղեր։ Ջղախոտ մեծը կլանում և կուտակում է ցինկ, պղինձ, մոլիբդեն, բարիում, սելեն, ստրոնցիում։
Սերմերում հայտնաբերվել է զգալի քանակությամբ լորձ (44 տոկոս), բույսին բնորոշ յուրահատուկ ճարպաթթուներ (22 տոկոս), սապոնին, ածխաջրեր, սպիտակուցներ և այլն։
Գիտական բժշկությունն օգտագործում է հյութը եղջերաթաղանթի վնասվածքների, վերքերի բուժման համար, տերևից ստացված պատրաստուկները` որպես հիպոտենզիվ, խորխաբեր, արյունարգել և վերքամոքիչ միջոցներ։
Ջղախոտ մեծի տերևից ստանում են «Պլանտագլյուցիդ» դեղամիջոց, որը խթանում է ստամոքսահյութի արտազատումը և նպաստում թթվայնության բարձրացմանը, ունի հակակարկամային հատկություն։ Նշանակում են ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի սրացման շրջանում և կանխարգելիչ նպատակով նաև հիպացիդ ստամոքսաբորբերի դեպքում։ Հակացուցված է ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում։

Քրոնիկ փորկապություն։ Բուժման ժամանակակից հայացքներ


Կարևոր է ընտրել այնպիսի դեղորայք, որը հնարավոր լինի օգտագործել երկար ժամանակ` առանց կողմնակի, վնասակար ազդեցության։
Դեռ մի քանի տարի առաջ լավագույն միջոց էր համարվում աղիներում ուռչող հացահատիկավոր բույսերի թեփը։ Սակայն դրանք հաճախ առաջացնում են սպազմեր որովայնում, իսկ որպեսզի դրանք չուժեղացնեն աղիների խցանումը (փորկապությունը), անհրաժեշտ է բավականին մեծ քանակությամբ ջուր խմել։ Եթե հաշվի առնենք, որ քրոնիկ փորկապությունն ունի տարիքային առանձնահատկություն` նկատվում է 60-65 տարեկանից հետո, ապա հասկանալի է դառնում, որ թեփի օգտագործումը կարող է ունենալ բազմաթիվ հակացուցումներ։
Այժմ մշակվել և արտադրվում են նոր սերնդի դեղամիջոցներ, որոնք գործում են նույն սկզբունքով, ինչ թեփը, դրանք պարունակում են ջղախոտի սերմի կեղև, որը հարուստ է նուրբ սննդային մանրաթելով։ Կլանելով և սպունգի պես պահելով ջուրը դրանք զբաղեցնում են աղիների ծավալի զգալի մասը և փափկեցնում այնտեղ գտնվող սննդի մնացորդները։ Նման դեղորայքներից մեկն է «Մուկոֆալկը», որի առավելությունը այն է, որ չի առաջացնում կախվածություն, կարող է օգտագործվել թութքի բուժման ընթացքում և հղիության շրջանում։
Շատերն օգտագործում են նման միջոցները նիհարեցնող սննդակարգերի կիրառման ժամանակ և գիրացման դեմ։
Ջղախոտի սերմերից ստացված պատրաստուկները հակացուցված են մինչև 12 տարեկան երեխաներին և աղիների անանցանելիության դեպքում։
Կարևոր է նաև իմանալ, որ նկարագրվող դեղորայքն ունի պրեբիոտիկ հատկություն. նպաստում է աղիների օգտակար միկրոֆլորայի բազմացմանը։

Ջղախոտը` ճառագայթման դեմ
Ժամանակակից մարդը գտնվում է էլեկտրամագնիսական դաշտերի «սարդոստայնում». կենցաղային սարքեր, էլեկտրահաղորդիչ ցանցեր, ռադիոկայաններ, որոնք արձակում են մարդու օրգանիզմի համար վտանգավոր ճառագայթներ, և վերջապես ռադիոակտիվ մասնիկներ, որոնք կուտակվում են օրգանիզմում, թուլացնում և սպառում կենսունակ ուժերի պաշարը, առաջացնում ծանր հիվանդություններ և անդառնալի փոփոխություններ։ Նույնիսկ խաղաղ պայմաններում մենք ստանում ենք, այսպես կոչված, «ֆոնային» ճառագայթման որոշակի չափաբաժին։ Բացի կենցաղային տեխնիկայից` ռադիացիայի տեղային (լոկալ) աղբյուրների դերում կարող են հանդես գալ բետոնից պատրաստված պատերը, գրանիտը, մարմարը, աղյուսը, ռադիոակտիվ մասնիկներ պարունակող սննդամթերքը։
Ակնհայտ է, որ անհրաժեշտ է մտածել ռադիոակտիվ նյութերից պաշտպանվելու մասին։ Այդ խնդիրը կարելի է լուծել ջղախոտ մեծի օգնությամբ, իսկ լավագույն արդյունքն ապահովում է այն բույսը, որի տերևի ջղերը յոթն են։
Խորհուրդ է տրվում խմել տերևի հյութը. 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Քչերին է հայտնի, որ ջղախոտի մատղաշ տերևներն ուտելի են.
գ Կերեք 20-ական գրամ` օրը 3 անգամ։
Բարձր «հակաճառագայթային» հատկություն ունեն նաև խատուտիկի ծաղիկը, տերևը և արմատը։ Բուժիչ չափաբաժիններն են.
գ 20-30-ական գրամ թարմ տերև` օրը 2-3 անգամ։
Լավ արդյունքներ է ապահովում ջղախոտի և խատուտիկի տերևներից պատրաստված աղցանը։
Ռադիոակտիվ նյութերի հեռացմանը օրգանիզմից նպաստում են նաև
գ սպիտակ կաղամբը, խմեք 2-ական ճ/գ թարմ հյութ` օրը 2 անգամ, ուտելուց առաջ,
գ կարմիր բազուկը և գազարը (հում, եփած կամ հյութը), ձմերուկը,
գ խնձորի հետ տրորած ընկույզը, 3 ճ/գ-ն կերեք 1 խնձորի հետ` նախաճաշից առաջ,
գ հնդկաձավարը, կերեք շաբաթական 2 անգամ,
գ կանաչ թեյը, խմեք օրը 2-3 բաժակ։

Ջղախոտի հակաօնկոլոգիական հատկությունները
Ջղախոտում կուտակվող սելենը, վիտամին E-ի հետ համատեղ, խթանում է հակաուռուցքային «մարմինների» գոյացումը, այսինքն` բարձրացնում է օրգանիզմի պաշտպանողական ֆունկցիան։ Լորձը պարուրում է վնասված լորձաթաղանթը, որի հետևանքով այն պաշտպանվում է վնասակար նյութերի ազդեցությունից։ Հակաուռուցքային հատկություն ունի նաև կրեմնիումը, որը կապված է ջղախոտում պարունակվող կրեմնիումի թթվի հետ։ Հնարավոր է, որ ջղախոտն ունի նաև այլ հակաուռուցքային հայտանիշներ։ Բույսի նման հատկությունների մասին գրել է Րիմ Ախմետովը իր «Բույսերը քաղցկեղի դեմ» գրքում (1997թ.). «Ջղախոտի տերևը հավաքում են առավոտյան անմիջապես ցողը չորանալուց հետո, ծաղկման շրջանի սկզբում` մայիսի վերջ, հունիս։ Լավ մանրացրած հումքը խառնում են շաքարավազի հետ (1։1) և պահում տաք տեղում` խոհանոցում։ Պարբերաբար սեղմեք հումքը փայտե գդալով, երբ կավարտվի ֆերմենտացիան, կարելի է քամել հումքը։ Թույլ խմորման ենթարկված հյութն ունի հաճելի համ։ Բուժման համար անհրաժեշտ է 3-5 լիտր ծավալ զբաղեցնող ջղախոտի մանրացրած տերև և նույնքան շաքարավազ։ Հյութը լավ է պահպանվում սառնարանում։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ, մինչև վերջանալը։ Ավելի երկարատև պահպանելու նպատակով հյութը լուծեք օղու մեջ (1։1)»։
Ուֆացի բժիշկն առաջարկում է այդ հյութով բուժել ստամոքսի, աղիների և թոքերի քաղցկեղը։
Յուղամզվածքներ. Աղացեք ջղախոտի թարմ խոտը, մզեք հյութը։ 50 մլ հյութին խառնեք 25-ական գ լանոլին և վազելին (կարելի է միայն վազելին` 50 գ)։ Պահեք կիպ փակվող սրվակում, հով տեղում։
* Փոշիացրեք չորացրած տերևը, ավելացրեք բուսայուղ (3։1), համասեռ զանգվածը խառնեք վազելինի հետ (1։6)։
* Աղացեք թարմ խոտը, խառնեք լանոլինի կամ վազելինի հետ (1։8)։
Յուղամզվածքները նախատեսված են արտաքին օգտագործման համար, ունեն մանրէասպան, վերքամոքիչ հատկություն։ Կարելի է քսել քթի տակ` հարբուխի, բերանի եզրերին` ճաքերի դեպքում։ Օգտակար է դժվար բուժվող տրոֆիկ բնույթի վերքերի (խոցերի), վարիկոզի հետևանքով առաջացող վերքերի բուժման համար։
Վերքեր, այրվածք, չիբան. Մանրացրեք թարմ տերևները, դրեք վնասված հատվածի վրա, ծածկեք լաթով, ամրացրեք ոչ ձիգ վիրակապով։ Վիրակապը փոխեք օրը 4 անգամ, իսկ այրվածքի դեպքում` 1,5-3 ժամը մեկ` կախված վիճակից։
Միջատների խայթոց. Թրջոցը պահեք 20-30 րոպե։ Նվազեցնում է քորը և այտուցվածությունը։
* Թրջոցների համար պիտանի է նաև չոր տերևը, նախապես 3-5 րոպե թրմեք տաք ջրի մեջ։
Այրվածք. Մանր կտրատեք թարմ տերևը, 50 գ հումքը հարեք 1 ձվի սպիտակուցի հետ, թրջոցը փոխեք օրը 1-2 անգամ։
* Չորացրեք, մանրացրեք և խառնեք հազարտերևուկի խոտը և ջղախոտի տերևը (1։1)։ Խառնուրդն ունի հականեխիչ, արյունարգել հատկություններ, արագ վերքամոքիչ ազդեցություն։
Պարոդոնտոզ. Մշակեք լնդերը ջղախոտի հյութով։
* 1 ճ/գ չոր տերևը թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Կատարեք ողողումներ։
Ջղախոտի հյութը և տերևի թուրմն ամրացնում են ատամնաշարը և կանխում լնդերի արյունահոսությունը։
Կոնյուկտիվիդ. 2 ճ/գ չոր (կամ թարմ) խոտը 2 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Լվացեք աչքերը` օրը 2 անգամ։ Դրեք թրջոց աչքերին, ցավացող ատամի վրա։
Կոշտուկներ. Եթե տրորել, հարել եք ոտնաթաթերի կամ ձեռքի ափերի մաշկը, ապա լավ լվացեք և ամրացրեք վերքին ջղախոտի տերև։ Լավ միջոց է նաև վաղենակի տրորած թարմ ծաղիկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս