«Ամեն բան հավերժական չէ, պարոն նախկին մարզպետ». գորիսեցիները հայտնի դեպքերի մասին
Օրերս Գորիսում Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ տեղի ունեցած աղմկահարույց դեպքը քաղաքում համարվում է քննարկման թիվ մեկ թեմա: Գորիսեցիները զրուցում, քննարկում և փորձում են ինչ-որ եզրահանգման գալ, թե ինչի հետևանք էր տեղի ունեցածը, ամենաթողությունն է պատճառը, որ այսօր հարցերը զենքով են լուծվում, և կամ իշխանություններն ու ոստիկանական համակարգը որքանով են հետևողական լինելու, որպեսզի մեր երկրում ի վերջո կարգուկանոն հաստատվի: Այս մասին հաղորդում է galatv.am-ը:
«Կռիվ կինո կխաղան, ինչ կենեն, մարդ չի հասկանում, դրանից առաջ մենք զարմացած էինք Ձեր քաղաքի վրա, ինտերնետով նայում էինք, ասում էինք՝ այ մարդ, էս ի՞նչ է կատարվում Գյումրիում, մեկ էլ հանկարծ խաղաղ ժողովուրդը լսում է, որ մեր քաղաքում են իրար վրա կրակում, մարդ բան չի հասկանում, ուղղակի կասեմ, որ ամոթ է»,- նշել է Գորիսի տարեց բնակիչներից մեկը:
Գորիսեցիները չնայած մանրամասն չեն հետաքրքրվում դեպքի իրական պատճառների մասին, բայց նշում են, որ իրենց ունեցած տեղեկություններով Խաչատրյաններն ու Բուդաղյանները հին հաշիվներ են ունեցել, և վեճն էլ անձնական է եղել:
«Իրանք ինչ խնդիրներ ունեն, չունեն, ժողովուրդը չէ մեղավոր, որ դնում քաղաքի կենտրոնում իրար վրա են կրակում, դրան մասնակցում է մարզպետի կինը, առաջին անգամ ենք նման բան լսում: Էս ամենի մեղավորը վերևներն են, աղջիկ ջան, եթե ժամանակին տոն չտան, երևի հասկանում եք՝ ինչ եմ ասում, թույլ չտան, որ շատ առաջանան, ու իրենց ուզացի պես ապրեն ու անեն ամեն ինչ, վիճակն էսպես չի լինի, ժողովրդի մասին թող մտածեն իրար վրա կրակելու փոխարեն»,- ասել է Գորիսի բնակիչ Հմայակ Վարդանյանը:
Քաղաքի բնակիչները նշել են նաև, որ իրենց նախկին մարզպետի քաջագործություններին շատ լավ ծանոթ են, ուղղակի նախկինում նման աղմկահարույց դեպքեր չեն եղել, կամ դրանք քողարկվել են.
«Ասում են՝ ինքը լավ է աշխատել, Սերժ Ազատիչի համար ձայներ է ապահովել, թող սա իրան խրատ լինի, որ ամեն բան հավերժական չէ, պարոն նախկին մարզպետ»,- նշել է քաղաքի բնակիչներից մեկը:
Նշենք, որ Սյունիքի նախկին մարզպետի՝ Գորիսում գտնվող առանձնատան տարածքը դեռևս հսկվում է հատուկ մարդկանց կողմից: Galatv.am-ի լրագրողը փորձել է զրուցել վերջիններիս հետ, սակայն նշել են, թե իրավասու չեն որևէ հարցի պատասխանելու: «Կներեք, մենք մեր գործն ենք անում և ոչինչ չգիտենք»,- նշել են Սուրիկ Խաչատրյանի բնակարանի տարածքը հսկող մարդիկ: