Արմավիրում՝ արմավիրցիների մասին
Այսօր Արմավիրի մարզի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստն սկսվել է մարզի 2013 թ. հինգ ամիսների գործունեության և սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հաշվետվությամբ։ Մարզպետը մարզի բնակչության և իր անունից շնորհակալություն է հայտնել երկրի ղեկավարությանը` ս.թ. մայիսի 12-ի կարկտահարությունից հետո բնակչությանն աջակցելու ուղղությամբ ձեռնարկված և ձեռնարկվող միջոցների համար։ Սահմանված կարգով կազմակերպվել է մարզային ենթակայության 122 կազմակերպությունների գործունեությունը, համակարգվել հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների աշխատանքը։ ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել մարզպետի հաշվետվությունը։ Այնուհետև նիստի մասնակիցներին է դիմել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Հարգելի գործընկերներ, ինչպես միշտ մեր արտագնա նիստերից առաջ մենք ուսումնասիրում ենք մարզում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաև ուսումնասիրում բնակչության վերաբերմունքը կառավարության, մարզպետարանի, համայնքների ղեկավարների, մեր բոլոր գերատեսչությունների գործունեության նկատմամբ։ Այս անգամ ևս մենք այդպիսի հետազոտություն իրականացրել ենք, և դրա առանձնահատկությունն այն է, որ կարկուտը լուրջ շեղում է մտցրել նաև մարդկանց տրամադրության մեջ։ Տեղյակ եք, որ բոլոր մարզերի համար մեկ խնդիրը, որ մեր առջև դնում են մեր քաղաքացիները, աշխատատեղերի խնդիրն է։ Այսօր Արմավիրի մարզում երկրորդ տեղում է հայտնվել ֆինանսական խնդիրը և վարկերի սպասարկման խնդիրը, հաշվի առնելով, որ կարկուտը 47 համայնքի շատ լուրջ վնաս է հասցրել։ Այժմ մեր գերատեսչությունների ղեկավարները մեզ կտեղեկացնեն, թե ինչ վիճակ է ստեղծվել իրենց բնագավառներում»։ Կառավարության անդամներին համապատասխան տեղեկություն են տվել ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, ՀՀ առողջապահության, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ մշակույթի նախարարները, ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ քաղաքաշինության փոխնախարարները։ Նրանց ելույթները, ինչպես նաև մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքի մասին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հաղորդումն ընդունվել են ի գիտություն։ Վարչապետը տեղեկացրել է, որ մարզի Արմավիր գյուղում իրեն են դիմել արտագնա աշխատանքից նոր վերադարձած երկու բնակիչներ` խնդրելով աջակցել ստանալու ՀՀ քաղաքացու նոր անձնագիր։ Ոստիկանությունը հանձնարարություն է ստացել ուսումնասիրել հարցը և հնարավորության դեպքում օգնել բնակիչներին։
Կարկտահարության պատճառած վնասը մեղմելու նպատակով գործադիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարին թույլատրել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով զիջել ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրով մարզի Նալբանդյան, Գետաշեն, Ակնաշեն, Շենիկ, Վանանդ և Արշալույս համայնքների շահառուների 2011, 2012 թթ. ստանձնած պարտավորությունները։ Կառավարությունը փոփոխել է մատչելի գնով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը` նպատակ ունենալով մեղմել Արմավիրի և Լոռու մարզերի կարկտահարության հետևանքով հողօգտագործողներին պատճառած վնասը։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած` գյուղատնտեսության նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձանց զբաղվածության խթանման միջոցով նրանց գյուղացիական տնտեսության վերականգնման ծրագրի իրականացման կարգը։ Դրա կիրառումը կնպաստի համայնքների վնասված հողերի հետագա արդյունավետ օգտագործմանը, գյուղացիական տնտեսությունների եկամտի ավելացմանը։ Ծրագրի արժեքն է շուրջ 175 մլն դրամ։
Ծավալված մտքերի փոխանակությունն ամփոփել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Սրանով ավարտում ենք քննարկումը Արմավիրի մարզին նվիրված բոլոր այն հարցերի, որոնք իր զեկույցում բարձրացրեց նաև մարզպետը։ Իհարկե, ինչքան էլ որ մենք փորձենք օգնել մեր գյուղացիներին, հասկանալի է, որ այդ օգնությունը բավարար չէ։ Բայց նաև փաստ է, որ մենք արեցինք առավելագույնը, որպեսզի նվազագույնի հասցնենք կարկուտի պատճառով եղած բացասական հետևանքները, և արմավիրցիներն իրականում զգացին, որ պետությունն իրենց կողքին է։ Բոլոր գործիքները, որոնք մենք ունեինք, կիրառել ենք, որպեսզի թեթևացնենք այն բեռը, որ այս աղետալի կարկուտի պատճառով ընկել է մեր քաղաքացիների վրա»։