Պուտին` բյուզանդական կայսր ամեն ինչում, բացի իր անունից. Huffington Post
Բրիտանական «Huffington Post» պարբերականը բավական ուշագրավ հոդված է տպագրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի վերաբերյալ` մասնավորապես անդրադառնալով նրա ամուսնալուծությանը Լյուդմիլա Պուտինայի հետ:
«Արմուտքում Վլադիմիր Պուտինի մասին լավ չեն արտահայտվում. ծաղրում են նրան, անվանում չափից ավելի ավտոկրատ և վերահսկելու ու բռնաճնշումների հակում ունեցող»,- «Huffington Post»-ում գրում է Փիթեր Ֆրենկոպենը` Օքսֆորդի համալսարանի Բյուզանդիայի հետազոտման կենտրոնի տնօրենը:
«Բայց Պուտինը շատ լավ կարողանում է ձևավորել իր իմիջը և կառավարել իր անձնական կյանքը»,- միաժամանակ խոստովանում է հեղինակը: Այս համատեքստում Փ. Ֆրենկոպենը խոսում է Ռուսաստանի նախագահի PR քայլերի` ձյուդոյի, մոտոցիկլետ վարելու, ինքնաթիռ վարելու և այլ հոբբիների մասին` նշելով, որ դրանք ընտրվում են շատ մանրակրկիտ ձևով և ավելի հաջող կերպով, քան ԱՄՆ-ի նախագահներն են անում: «Վերջիններս հավանաբար շատ են տարվել գոլֆ խաղալով, մինչդեռ տնտեսությունն անկում է ապրում»,- նշում է հոդվածագիր:
«Չնայած Պուտինի անսահման իշխանությանը (ինչպես նաև, ըստ տարածված լուրերի, հսկայական հարստությանը), նա հետևողականորեն իրեն ցույց է տալիս որպես ժողովրդի ծառա: Իսկ այս հնարքը նա սովորել է Բյուզադիայի կայսրերից»,- նշում է Փ. Ֆրենկոպենը:
Այս համատեքստում հեղինակն անդրադառնում է այն փաստին, թե ինչպես Պուտինը հայտարարեց իր ամուսնալուծության մասին: «Նա հայտարարեց, թե իր ամբողջ կյանքը կապված է հրապարակայնության հետ, իսկ պալատական պատմիչներն էլ իրենց հերթին հաստատեցին այդ միտքը: Հավանաբար նրանք կարդացել են Ալեքսիադան»,- գրում է Փ. Ֆրենկոպենը: Վերջինս պատմում է, որ այդ աշխատությունում, որը գրվել է 12-րդ դարում, հեղինակը նկարագրում է, թե ինչպես Բյուզանդիայի Ալեքսեյ 1-ին կայսրը ժամանակ չէր ունենում նույնիսկ լվացվելու, այնքան էր զբաղված պետական գործերով:
«Եվ Ալեքսեյը իր կնոջ հետ հազվադեպ հանդիպումների ժամանակ նրա հետ զրուցում և աղոթում էր»,- Ալեքսիադայից մեջբերում է Փ. Ֆրենկոպենը:
Հեղինակը նաև հայտնում է, որ Բյուզանդիայում կայսրերը հաճախ էին լքում իրենց կայսրուհիներին, և վերջիններս էլ սովորաբար մտնում էին վանք և «իրենց շատ հանգիստ էին պահում»:
«Պուտինի համար հետաքրքիր չէ գոլֆ խաղալ (ի տարբերություն Օբամայի) կամ սուրճ խմել սրճարանում (ի տարբերություն Քեմերոնի): Նա իր ժամանակն անցկացնում է այնպես, ինչպես վայել է առաջնորդներին` որսորդություն, ճանապարհորդություն և Ռուսաստանի մշակութային ժառանգության պահպանում»,- եզրափակում է իր հոդվածը Փիթեր Ֆրենկոպենը:
Պատրաստեց Արամ Սարգսյանը