Ծառուկյանը վճարել է Բաղդասարովի պարտքը
«Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող «Ավիա-Սերվիս» ընկերությունը, որը զբաղվում է ավիաուղևորների համար սննդի պատրաստմամբ ու մատակարարմամբ, այլևս պարտք չէ «Արմավիա» ավիաընկերությանը: «Ավիա-Սերվիս» ընկերությունը երեկ փոխանցել է գումարներն «Արմավիա»-ին: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրել են «Արմավիա» ավիաընկերությունից: Ընկերությունում այսօր են իմացել, որ «Ավիա-Սերվիս»-ը փոխանցել է գումարները:
Հարցին, թե որքա՞ն գումար էր «Ավիա-Սերվիս»-ը պարտք «Արմավիա»-ին, «Արմավիա»-ից չեն չմանրամասնել: «Արմավիա» ընկերությունից նաև տեղեկացրել են, որ մոտակա օրերին ընկերությունն աշխատավարձ կվճարի այն նախկին աշխատակիցներին, որոնց դեռ պարտք է:
Հիշեցնենք, որ «Արմավիա»-ի մի քանի տասնյակ աշխատակիցներ ժամանակ առ ժամանակ հավաքվում են «Միկա Լիմիթեդ» ընկերության գրասենյակի դիմաց, պահանջում իրենց աշխատավարձերը, որին ի պատասխան` նրանց ասում են, որ ոչ մի աշխատակից չվճարված չի մնա: Ավիաընկերությունից ընդգծում էին, որ սպասում են իրենց պարտապաններից, այդ թվում՝ «Ավիա-Սերվիս» ընկերությունից գումարների, որոնցով մարվելու են նաև աշխատավարձերի պարտքերը: Նշենք նաև, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը հերքել էր «Արմավիա»-ի պնդումը, թե «Ավիա-Սերվիս»-ը պարտքեր ունի: