Հայաստան է գալու Honda-ի նյութագիտության բաժնի գլխավոր գիտնականը
ԱՄՆ-ում գտնող Honda գիտահետազոտական ինստիտուտի նյութագիտության բաժնի գլխավոր գիտնական և նախագծերի ղեկավար, դոկտոր Ավետիք Հարությունյանը գալու է Հայաստան: Նա հունիսի 25-ին Հայաստանում հանդես կգա դասախոսություններով: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց միջոցառման կազմակերպիչ Ամալյա Կոստանյանը: Նրա խոսքով` դասախոսությունները լինելու են ինտերակտիվ, որին ակտիվորեն կարող է մասնակցել նաև լսարանը:
«Ինտերակտիվ սեմինարի մի մասը նվիրված է լինելու նանոտեխնոլոգիաների նորարարական լուծումներին, մասնավորապես` ածխածնային հիմքի վրա նանոխողովակների աճեցման տեխնոլոգիաներին և էլեկտրոնիկայում դրանց կիրառությանը: Սեմինարի մյուս մասը նվիրված կլինի ռոբոտաշինությանը` մասնավորապես մարդանման ռոբոտներին»,- ասաց Ա. Կոստանյանը: Սեմինարն անվճար է լինելու:
Գիտնականի հայաստանյան դասախոսությունները կազմակերպում է
Նաիրի կրթական-արդյունաբերական կոնսորցիումը: Նշենք, որ Ավետիք Հարությունյանը ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ «Քվանտային էլեկտրոնիկա» մասագիտացմամբ, որից հետո ասպիրանտուրայում աշխատել է պինդ մարմնի ֆիզիկայի և մաթեմատիկայի ուղղությամբ: Հետագայում մեկնել է արտերկիր, որտեղ էլ շարունակել է մասնագիտանալ նանոտեխնոլոգիաների ոլորտում:
Նա հեղինակ է ավելի քան 120 գիտական հրապարակումների և 67 արտոնագրերի և հանդես է եկել ավելի քան 40 հրավիրյալ դասախոսություններով: