«Հավաքվենք, տեսնենք` ով է պատասխան տալու…». Վարդան Այվազյանը՝ ՎՊ բացահայտած խախտումների վերաբերյալ
«Որպես ՎՊ նախագահ, որպես քաղաքացի, ի՞նչ եք առաջարկում որպես հաջորդ քայլ»,-Վերահսկիչ Պալատի 2012թ. տարեկան հաշվետվության խորհրդարանական քննարկման ժամանակ ՎՊ նախագահին հարցրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը: Վերջինս նշեց. «Մեզ ներկայացրիք, որ լայնածավալ խախտումներ են եղել: Քննարկում ենք, ասում ենք, սրանից հետո բան չի փոխվելո՞ւ: Քանի՞ հոգի է պատժվել. քրեական քանի՞ պատասխանատվություն կա»:
Ի պատասխան պատգամավորի հարցի, Իշխան Զաքարյանն ասաց. «Որպես հաջորդ քայլ` իմ հաշվետվության մեջ նշեցի, որ չորս տարի շարունակ տարբեր բնագավառներում իրականացրած ուսումնասիրությունների մասին ենք խոսել, պետական բյուջեի, դրամաշնորհերին և այլ ծախսերի խնդիրների մասին ենք խոսել: Սոցիալական ոլորտում, գնումներում, շինարարությունում`ասել ենք, որ կան կոռուպցիոն լրջագույն ռիսկեր: Եվ մենք առաջարկում ենք այն, ինչ խորհրդարանին ասել եմ. մենք 2013-ի բյուջեն վերահսկում ենք, և եթե որևէ նախարար գնման պայմանագիր է կնքում, մենք իրավունք չունենք միջամտելու, ասել ենք, 3 օրյա ժամկետում տրամադրեք մեզ փաստաթուղթը, մենք էլ կուսումնասիրենք այն: Մենք նաև պատրաստ ենք հարցերը քննարկել ցանկացած պատգամավորի, ֆրակցիայի հետ»:
Վարդան Այվազյանն էլ հակադարձեց. «Պատգամավորն այստեղ ի՞նչ խնդիր ունի: Հիմա եկաք, մեզ ներկայացրեցրիք, մենք ի՞նչ խնդիր ունենք: Խոսքը չարաշահումների մասին է, ասենք տղերք ջան լավ եք արել, հաջողություն ձե՞զ, ես համամիտ չեմ սրան: Ես կառաջարկեի հավաքվենք, տեսնենք` ով պատասխան է տալու… Եթե ես եմ պատասխան տալու` ես տամ: Որովհետև խոսքը խոշոր ծառայությունների մասին է»: