Առաջիկա 3-5 տարում համաշխարհային տնտեսության ռեցեսիայի հավանականությունը կգերազանցի 60 տոկոսը. Bloomberg
Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ առաջիկա 3-5 տարում համաշխարհային տնտեսության ռեցեսիայի հավանականությունը գերազանցելու է 60 տոկոսը: Այս մասին հայտարարել են աշխարհում պարտատոմսերի խոշորագույն հիմնադրամը ղեկավարող Pacific Investment Management Co.-ի (PIMCO) ներկայացուցիչները:
Ընկերության պորտֆելային ղեկավար Սաումիլ Պարիխը հայտարարել է, որ գլոբալ տնտեսությունը ռեցեսիա է ապրում յուրքանչյուր վեց տարին մեկ անգամ կամ դրան մոտ ժամանակահատվածում:
Նա հավելել է, որ համաշխարհային ռեցեսիաների հաճախականությունը հակված է աճելու, երբ աշխարհում պարտքի չափը մեծ է և անկում է ապրում և ոչ թե այն ժամանակ, երբ այն փոքր է և աճում է:
Փորձագետը հիշեցրել է, որ համաշխարհային էկոնոմիկայի վերջին անկումը գրանցվել է 4 տարի առաջ: Նրա կարծիքով՝ առավել գրավիչ են Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Մեքսիկայի ու Բրազիլիայի պետական պարտատոմսերը:
PIMCO-ն նախընտրում է միջոցներ ներդնել emerging market ֆոնդային շուկաներում, այդ թվում նաև չինական ոչ ֆինանսական ընկերություններում, ինչպես նաև իսպանական ու իռլանդական ընկերություններում:
Միևնույն ժամանակ Պարիխը խորհուրդ է տալիս կրճատել Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ավստրալիայի ու Մեքսիկայի բաժնետոմսերում՝ դրանց չափազանց թանկարժեք լինելու և աճելու ոչ պարզ հեռանկարների պատճառով: