Իշխան Զաքարյան. «Քաղաքապետարանը խախտումների մեծ մասը շտկել է»
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության առնչությամբ Իշխան Զաքարյանին ևս հարցեր ուներ: Նախ՝ պատգամավորն ասաց. «Ձեր ներկայացրած փաստաթուղթը, որի անունը հաշվետվություն է, դուք ձեր լիազորությունների շրջանակներում երկու ամիս կառավարությանն եք ներկայացրել: Այդ նիստերի ժամանակ մասնակցում են նաև ոստիկանապետը, ԱԱԾ պետը, ՀՀ գլխավոր դատախազը, որոնց այս փաստաթուղթը ևս հասու է, որը կարող էր կրել «հաղորդում հանցագործության մասին» անունը»: Զ. Փոստանջյանը հետաքրքրվեց, թե արդյոք պահանջե՞լ են իրավապահ մարմինները որևէ փաստաթուղթ՝ հայտնաբերված խախտումների հիման վրա քրեական հետապնդում սկսելու համար: Պատգամավորն անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետարանի առնչությամբ հայտնաբերված խախտումներին ու հարցրեց. «Պնդո՞ւմ եք, որ քաղաքապետարանն ընդունում է նշված փաստերը, որ իրականությանը համապատասխանում են դրանք, և ի՞նչ պատասխան են տվել դրանց»:
Իշխան Զաքարյանը քաղաքապետարանի մասով արձանագրված խախտումների առնչությամբ ասաց, որ վերջինս ՎՊ արձանագրությունների հետ կապված իր համաձայնությունը տվել է, ու իրենց կողմից հայտնաբերված խախտումների մեծ մասը շտկել: Իսկ մյուս խախտումները, նրա խոսքով, պետք է շտկվեն սահմանված ժամանակացույցի սահմաններում: Ինչ վերաբերում է խախտումներն իրավապահ մարմիններին ուղարկելու մասին պատգամավորի հարցին, Իշխան Զաքարյանը նշեց, որ իրենք ամբողջական նյութ են ուղարկել ՀՀ Արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների ԾԻԳ-ի խախտումների մասով: Նա ասաց, որ այս պահին իրենց համապատասխան մասնագետները շատ «ինտենսիվ» համագործակցում են քննչական կառույցի ներկայացուցիչները հետ, ու շեշտեց, որ շուտով հասարակությունը կտեղեկանա` հարուցվո՞ւմ է գործ դրա հիմքում, թե՞ ոչ: Իսկ մնացած բոլոր խախտումների դեպքում, ՎՊ նախագահի խոսքով, փաստաթղթեր չեն պահանջվել: