Honda ավտոկենցեռնը որոշել է հետ կանչել ավելի քան 450.000 ավտոմեքենա
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ճապոնական Honda ավտոկենցեռնը որոշել է հետ կանչել ավելի քան 450.000 ավտոմեքենա՝ հայտնաբերված անսարքությունների համար:
Այս մասին այսօր հայտարարել են ընկերության ներկայացուցիչները, որոնք համապատասխան իրազեկում են հղել երկրի Տրանսպորտի նախարարությանը: Հետ կանչման ենթակա է N Box և N One մոդելների ավելի քան 380.000 մեքենա, որոնք արտադրվել են նախորդ տարվա դեկտեմբերից մինչև այս տարվա մայիսն ընկած ժամանակահատվածում:
Հավելյալ տեխնիկական սպասարկման համար հիմք են ծառայել շարժահաղորդման հետ կապված թերությունները, որոնք կարող են հանգեցնել դրա ամբողջովին շարքից դուրս գալուն: Բացի այդ, Honda-ն հետ է կանչում Airwave և Mobilio մոդելների 70.000 ավտոմեքենա՝ արգելակման ոտնակի հետ կապված խնդիրների համար:
Ներկա դրությամբ ավտոկոնցեռնն իր հաճախորդներից արդեն իսկ ստացել է 37.000 բողոք նշված խնդիրների մասին: