Ուկրաինան և Թուրքիան մտադիր են աշնանը ստորագրել ազատ առևտրի մասին համաձայնագիր
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան ու Թուրքիան պատրաստվում են աշնանը ստորագրել ազատ առևտրային գոտու հաստատման մասին համաձայնագիր: Այս մասին հայտարարել է Կիևում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սամսարը.
«Մենք կփորձենք ազատ առևտրային գոտու մասին պայմանագիրը ստորագրել այս տարվա աշնանը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի Թուրքիա կատարելիք այցի ժամանակ: Թուրք-ուկրաինական երկկողմանի համագործակցությունն արդեն իսկ ունի նշանակալից առաջընթաց:
Դա մասնավորապես առնչվում է երկրների միջև վիզային ռեժիմի ազատականացմանը, ինչը 50-60 տոկոսով ապահովել է երկու կողմից վիզաների հատկացում: Թուրքիայի և Ուկրաինայի միջև երկկողմ համագործակցությունն ունի չօգտագործված մեծ պոտենցիալ:
Ներկայիս ապրանքաշրջանառությունը (թուրքական կողմի տվյալներով՝ 2012 թվականին այն կազմել է 6.5 միլիարդ դոլար) չի արտացոլում մեր երկրների համագործակցության պոտենցիալը: Ուկրաինան զարգանում է շատ արագ: Մենք հավատում ենք, որ Սև ծովը խոչընդոտ չէ մեզ համար»: