ԱՄՆ-ի սպիտակամորթ բնակչության շրջանում մահացության մակարդակն առաջին անգամ գերազանցել է ծնելիության ցուցանիշը
Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի սպիտակամորթ բնակչության շրջանում մահացության մակարդակն առաջին անգամ գերազանցել է ծնելիության ցուցանիշը: Այս մասին են վկայում Բնակչության մարդահամարի բյուրոյի տվյալները:
Դրանց համաձայն, ԱՄՆ-ում բնակվող սպիտակամորթների քանակը, որոնք չունեն լատինամերիկյան ծագում (լատինոս չեն), կազմում է 198 միլիոն մարդ: Նախորդ տարի նրանց շրջանում մահացածների քանակը մոտ 12.400-ով գերազանցել է ծնվածների քանակը:
Ուշագրավ է, որ 2010-2011 թվականներին սպիտակամորթների շրջանում ծնելիությունը 29.600 մարդով գերազանցել էր մահացությանը: Փորձագետները ծնելիության անկումը պայմանավորում են ժողովրդագրական ու տնտեսական գործոններով:
ԱՄՆ-ի սպիտակամորթ քաղաքացիների միջին տարիքը նաև զգալիորեն ավելի բարձր է, քան՝ մյուս խմբերինը: Այն կազմում է 42 տարի, մինչդեռ ասիացիների ու աֆրոամերիկացիների մոտ այն կազմում է համապատասխանաբար 34 և 32 տարի, իսկ լատինոսների մոտ՝ 28 տարի:
Ոչ իսպանախոս սպիտակամորթները նախկինի նման դեռ շարունակում են մնալ որպես ԱՄՆ-ում գերիշխող ռասայական խումբ՝ կազմելով բնակչության 63 տոկոսը: Ծնելիության պակասը մասնակիորեն փոխհատուցվում է 188.000 սպիտակամորթ ներգաղթյալներով՝ հիմնականում Կանադայից ու Գերմանիայից, նաև Ռուսաստանից ու Սաուդյան Արաբիայից:
Սակայն ստացվող ազդանշանները գնալով դառնում են առավել տագնապահարույց: Այս տարի մարդահամարի տվյալները վկայել էին, որ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ սպիտակամորթ երեխաները դարձել են փոքրամասնություն: