ՎՊ-ն խախտումներ է հայտնաբերել տնտեսական մրցակցության պետական պաշտպանության ոլորտում
Ազգային Ժողովում այսօր քննարկման դրվեց Վերահսկիչ Պալատի 2012 թվականի հաշվետվությունը, ըոտ որի` խախտումներ են արձանագրվել նաև տնտեսական մրցակցության պետական պաշտպանության ոլորտում: Արդյունքները հետևյալն են`
– Անբարեխիղճ մրցակցության գործողության համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ նախորդ տարվա հասույթի մինչև մեկ տոկոսի չափով տուգանքի նշանակման գործընթացը ռիսկային է, կանոնակարգված չէ, չկա որևէ հաստատված մեթոդաբանություն:
– Գերիշխող դիրքի չարաշահման համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ 5 մլն դրամից մինչև 200 մլն դրամի չափով տուգանքի նշանակման գործընթացը ռիսկային է, հարցը կանոնակարգված չէ, չկա որևէ հաստատված մեթոդաբանություն:
– Համակենտրոնացումը չհայտարարագրելու համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ համակենտրոնացմանը մասնակցելու նախորդ տարվա հասույթի 4 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 մլն դրամի չափով տուգանքի նշանակման գործընթացը նույպես ռիսկային է, հարցը կանոնակարգված չէ, չկա որևէ հաստատված մեթոդաբանություն:
– Արդյունքում, ընկերությունների նկատմամբ միևնույն կամ համանման խախտման տուգանքի չափը որոշվում է տարբեր մոտեցումներով, կամ մի դեպքում ընկերությունը տուգանվում է, իսկ մյուս դեպքերում’ պարզապես տրվում է նախազգուշացում:
– Տուգանված ընկերություններն իրենց կողմից կատարված խախտումների վերացման վերաբերյալ ներկայացրել են փաստաթղթեր, որոնց արժանահավատության ճշտման նպատակով ՀՀ տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովը անհրաժեշտ և բավարար աշխատանքներ չի կատարել: