Բաժիններ՝

Բողոքի ակցիաներն ուղիղ եթերով հեռարձակած թուրքական հեռուստաալիքները տուգանվել են

BBC-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները տուգանել են տեղի մի շարք հեռուստաալիքների՝ Ստամբուլի կենտրոնում գտնվող «Թաքսիմ» հրապարակում անցկացված բողոքի ակցիաներն ուղիղ եթերով հեռարձակելու համար:

Հեռուստաալիքները մեղադրվել են «բռնություն հրահրելու» մեջ: Իշխանությունների կարծիքով՝ ոստիկանության հետ ցուցարարների բախվելու կադրերը կարող են կործանարար ազդեցություն ունենալ երեխաների համար: Պատժամիջոցներ են կիրառվել Halk TV, Ulusal TV, Cem TV և EM TV հեռուստաալիքների նկատմամբ:

Միևնույն ժամանակ Արևմուտքը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել հրաժարվել բողոքի ժողովրդավարական ակցիաները կանխելու փորձերից: Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն հայտարարել է, որ Թուրքիայի կառավարության կողմից հանրահավաքների ճնշումը վնասում է նրա հեղինակությանը թե՛ երկրի ներսում, թե՛ արտասահմանում.

«Մենք ակնկալում ենք, որ վարչապետ Ռեջեփ Էրդողանը կնպաստի իրավիճակի մեղմացմանը՝ եվրոպական արժեքներին համապատասխան, ինչպես նաև կփորձի հասնել կառուցողական ու խաղաղ երկխոսության»:

Հիշեցնենք, որ վերոնշյալ տուգանված հեռուստաալիքներից Halk TV-ն ու Ulusal TV-ը հրաժարվել էին ուղիղ եթերով հեռարձակել Հյուսիսային Աֆրիկայից Էրդողանի վերադարձը և դրա փոխարեն հեռարձակել էին պինգվինների մասին հաղորդումներ ու մուլտֆիլմեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս