Բաժիններ՝

ԱՄՆ-ը մեղմացրել է Սիրիայի հանդեպ սահմանած տնտեսական պատժամիջոցները

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը մեղմացրել է Սիրիայի հանդեպ սահմանած տնտեսական պատժամիջոցները՝ սիրիական ընդդիմությանն օգնություն ցուցաբերելու համար:

ԱՄՆ պետդեպարտամենտը երեկ հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ: Նոր կանոններն ամերիկյան ընկերություններին հնարավորություն կտան Սիրիա արտահանել գյուղատնտեսական արտադրանք, ծրագրային ապահովում, էներգետիկ սարքավորում և մի շարք այլ ապրանքներ:

Դրանք կուղարկվեն Սիրիայի այն շրջաններ, որոնք գտնվում են ապստամբների վերահսկողության ներքո: Դրա հետ մեկտեղ ամերիկյան ընկերություններն այսուհետ կարող են նավթ գնել սիրիական ընդդիմությունից:

Սիրիայի հետ առևտուր անելու մտադրություն ունեցող ընկերությունները պետք է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ստանան ԱՄՆ առևտրի նախարարության թույլտվությունը: ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ առևտրի մասնակի թույլտվությունը չի ենթադրում ապստամբներին զենք հատկացնելու հնարավորություն:

ԱՄՆ-ը Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ է սահմանել 2011 թվականի աշնանը՝ Բաշար Ասադի կառավարության ու ընդդիմության միջև դիմակայության սկսվելուց մի քանի ամիս անց: Գրեթե նույն ժամանակ Սիրիայի նկատմամբ համանման պատժամիջոցներ սահմանեցին ԵՄ-ը և Արաբական պետությունների լիգան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս