«Թողած երկիրը փրկելու խնդիրը՝ զբաղվում եք անհեթեթություններով». Տիգրան Սարգսյանը՝ Լևոն Զուրաբյանին

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ  ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը հարցեր ուղղեց վարչապետ Տիգրան Սարգսյանին` վերջինիս անվան հետ շրջանառվող օֆշորային գոտում ձեռնարկություն ունենալու սկանդալային պատմության վերաբերյալ: Հիշեցնենք, որ այսօր անդրադառնալով այդ հարցին՝ Տ. Սարգսյանն ասել էր, թե այդ ամենն ունի իրեն վարկաբեկելու նպատակ. «Նման ձևով փողեր չեն լվանում, իսկ եթե ուզում ես մեկին վարկաբեկել, սա հիասքանչ ձև է և հնարավորություն: «Հայկական Ժամանակ» թերթն ինձ հարց  էր տվել, թե որտե՞ղ էի ես այն ժամանակ, երբ գրանցվել է այդ ձեռնարկությունը: Ես պաշտոնական այցով գտնվել եմ Պրահայում, բազմաթիվ լրագրողներ եղել են ինձ հետ: Միևնույն ժամանակ չէի կարող գտնվել և՛ Կիպրոսում, և՛ Պրահայում, կամ թռնել Կիպրոս Պրահայից»:

ԱԺ նիստում Լևոն Զուրաբյանը հետաքրքրվեց՝ «Ձեր անվան վարկաբեկման նպատակով հսկայական գումարներ ծախսելն անհեթեթ չէ՞», ապա հարցրեց, թե արդյո՞ք վարչապետը Փայլակ Հայրապետյանին ու Աշոտ Սուքիասյանին անձամբ ճանաչում է և նրանց հետ քննարկե՞լ է ադամանդագործության մասին հարցեր: Քանի որ օֆշորային այդ կազմակերպության գրանցման համար «Ամերիա» բանկից խոշոր վարկ է վերցվել, ՀԱԿ պատգամավորը վարչապետին հարցրեց նաև՝ արդյո՞ք հնարավոր է, որ բանկն ինչ-որ «չարագործի» նման վարկ տար, ապա առաջարկեց նաև իշխանության ու ընդդիմության հավասար հիմունքներով ժամանակավոր հանձնաժողով ստեղծել` հարցն ուսումնասիրելու նպատակով:

Ի պատասխան՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, թե զանգվածային լրատվամիջոցները «հնարամիտ» են, և նման պատմություններ հաճախակի կարող են հայտնվել մամուլում, այնքան որ, «ժամանակ չեք ունենա ուրիշ ոչնչով զբաղվել»: Տ. Սարգսյանն ասաց նաև, թե կարծում է, որ արդեն իսկ բավարար պարզաբանումներ  է հնչեցրել այս հարցի առնչությամբ: Ըստ նրա՝  նման դեպքերում միջազգային պրակտիկայում ընդունված է դիմել իրավապահ մարմիններին, ինչն ինքն արել է ու տեղյակ է պահել հանրությանը: Նա ևս մեկ անգամ հայտարարեց, որ առնչություն չունի Կիպրոսում իր անունով գրանցված ընկերության հետ, անձամբ ինքը նման ձեռնարկություն չի գրանցել ու ոչ մեկին չի լիազորել նման ընկերություն գրանցել:  Տ. Սարգսյանը նշեց նաև, որ մեծ  անհեթեթություն է վարկ տրամադրել՝ «հենց այնպես 10 մլն»: Նա հավաստիացրեց նաև, որ բանկին չի միջնորդել վարկ տալ, ու շեշտեց. «Ում միջնորդությունն էլ լինի՝ բանկը վարկ չի տրամադրի: Նենց որ, կարծում եմ,  սա շինծու պատմություն է: Դուք էլ, թողած երկիրը փրկելու խնդիրը, զբաղվում եք անհեթություններով»:

Լևոն Զուրաբյանն էլ, իր հերթին, հակադարձեց. «Դուք կարող եք մանտրայի պես կրկնել, որ կապ չունեք, մեղավոր չեք: Մեծամասնությունը չի հավատում ձեզ: Ես էլ առաջարկում եմ՝ ստեղծենք ընդդիմության ու իշխանության հավասար հիմունքներով հանձնաժողով, ու մենք պատրաստ ենք ձեռները քշտել, մտնել այս կեղտոտ գործի մեջ ու ուսումնասիրել այն, մեր մասին մի մտածեք, ի սեր Աստծո»: ՀԱԿ պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե որպես տնտեսագետ՝ Տ. Սարգսյանի կարծիքով, հնարավո՞ր է, որ Հայաստանն ունենա 7 տոկոս տնտեսական աճ, բայց միևնույն ժամանակ՝ հասարակության 10 տոկոսն արտագաղթի: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, թե զարմանում է, որ պատգամավորը ելույթի սկզբում իր անվստահությունն է հայտնում, իսկ վերջում՝ հետաքրքրվում իր կարծիքով: «Եթե չե՞ք հավատում` ինչո՞ւ եք հետաքրքրվում իմ կարծքով: Այս դահլիճի մեծամասնությունը ձանձրացել է ձեր նախադասություններից, միատոն մեղադրանքներից: Շարունակեք այդ ոճը, եթե կարծում եք, որ այն ձեզ բերելու է քաղաքական դիվիդենտներ»,- պատասխանեց Տ. Սարգսյանն` ավելացնելով, թե Հայաստանի Հանրապետությունն աշխարհում միակ երկիրը չէ, որտեղից կա արտագաղթ: Ամբողջ խնդիրը, ըստ նրա, կայանում է նրանում, թե ի՞նչ քայլեր է պետությունը ձեռնարկում արտագաղթը կանխելու ուղղությամբ: «Պետք չէ ձեր ձեռքերը լվանաք, քաշվեք ղրաղ ու ասեք, որ կապ չունեք դրա հետ: Երբ ժողովուրդը տեսնում է, որ այլընտրանք չկա՝  հեռանում է: Երբ տեսնում է, որ չկա ընդդիմադիր լուրջ քաղաքական ուժ, իսկ դա ձեր անհաջողությունն է»,- եզրափակեց Տ. Սարգսյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս