Բաժիններ՝

32 երկրից 150 աստղագետ գալու է Հայաստան

Հոկտեմբերի 7-11-ը Երևանում տեղի կունենա Միջազգային աստղագիտական միության(ՄԱՄ) պաշտոնական գիտաժողովը՝ «Ակտիվ գալակտիկաների բազմաալիքային շրջահայություններ և ուսումնասիրություններ» թեմայով` նվիրված հայ հայտնի աստղագետ Բերիամին Մարգարյանի 100-ամյակին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՄԱՄ միջազգային գիտական կազմկոմիտեի համանախագահ, տեղական կազմկոմիտեի նախագահ Արեգ Միքայելյանը:

«Կարծում եմ՝ Վ. Համբարձումյանից հետո Բ. Մարգարյանը երկրորդ հայտնի աստղագետն է: Համաշխարհային ճանաչման տեսակետից Մարգարյանը շատ-շատ հայտնի է համարվում. դա Հայաստանում է, որ իրեն այդքան լավ չգիտեն, որքան Համբարձումյանին, սակայն աշխարհում մեծամասամբ համարում են, որ հայերը տվել են երկու մեծ աստղագետ` Համբարձումյան և Մարգարյան»,- ասաց Ա. Միքայելյանը` նշելով, որ Բ. Մարգարյանը շատ կարևոր ներդրում ունի հատկապես իր հայտնաբերած գերմանուշակագույն ավելցուկով 1500 գալակտիկաներով, որոնք և հիմք դրեցին ակտիվ գալակտիկաների ուսումնասիրություններին: Մեր զրուցակցի խոսքով`Բ. Մարգարյանի հայտնաբերած գալակտիկաների հիման վրա անգամ նոր տեսակի օբյեկտներ են հայտնաբերվել: Այսպիսով` մեծանուն գիտնականի 100-ամյակի կապակցությամբ հայկական կողմն առաջարկել է Միջազգային աստղագիտական միությանը՝ իր պաշտոնական գիտաժողովն անցկացնել Հայաստանում, և համաձայնություն է ձեռք բերել, թեև մի շարք երկրներ ևս դիմել էին իրենց մոտ այն անցկացնելու համար:

«Դա այնքան հեղինակավոր միջոցառում է, որ աշխարհում բոլոր այդ բնագավառում աշխատող աստղագետները, բնականաբար, ձգտում են մասնակցել, այս տեսակետից հպարտորեն կարող եմ ասել, որ խնդիր չունենք՝ ինչ-որ աստղագետների ներգրավել կամ մասնակիցներ գտնել տարբեր տեղերից: Իրենք են գտնում, դիմում ու ցանկանում են մասնակցել: Նույնիսկ այստեղ այնքան մեծ աղմուկ է բարձրացել դրա շուրջ, որ 32 երկրներից արդեն մոտ 150 հոգի ցանկություն ունի մասնակցելու: Այս տեսակետից, կարելի է ասել, որ մենք ռեկորդային ենք, որովհետև երկրների քանակով  և նաև բոլոր մայրցամաքներից կլինեն մասնակիցներ»,- ասաց Ա. Միքայելյանը` նշելով, որ, բնականաբար, մասնակիցները կլինեն նախևառաջ  աստղագիտական զարգացած երկրներից` ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Չինաստան, Ճապոնիա, Հնդկաստան, Ավստրալիա, և այլն:

«Գիտաժողովին կմասնակցեն միջազգային կազմկոմիտեի մեջ ընդգրկված ամենախոշոր գիտնականներն այդ բնագավառում աշխատող, և, ընդհանրապես, հյուրերի մեջ կլինեն տարբեր աստղադիտարանների և աստղագիտական ինստիտուտների տնօրեններ, թե միջազգային տարբեր ծրագրերի և կազմակերպությունների ղեկավարներ և, իհարկե, բազմաթիվ երիտասարդ աստղագետներ, ովքեր կգան և իրենց համար փորձառություն ձեռք կբերեն»,- ասաց Ա. Միքայելյանը: Նրա խոսքով` աննախադեպ քանակի մասնակիցների պատճառով միջոցառումը կանցկացվի ոչ թե Բյուրականում, այլ Երևանում:

Նշենք, որ միջոցառման համար նաև պաշտոնական ինտերնետային էջ է ստեղծվել

http://iaus304.aras.am/, որտեղ կարելի է ծանոթանալ մանրամասներին:

Տեղեկացնենք, որ Միջազգային աստղագիտական միությունն իր գիտաժողովն անցկացնում է 1953 թվականից սկսած: Հայաստանում այն անցկացվել է Վ. Համբարձումյանի օրոք՝ 3 անգամ` 1966, 1986 և 1989 թվականներին, և Վ. Համբարձումյանից հետո ևս սա կլինի 3-րդը` 1998, 2001 և այժմ` 2013 թվականին:

«Փաստորեն, այս առումով ստացվում է, որ մենք մեր հեղինակությունը չենք կորցրել»,- ասաց Ա. Միքայելյանը` նշելով, որ այսպիսով մենք կարող ենք համեմատվել Փարիզի, Պրահայի, Հռոմի, Ռիո դը Ժանեյրոյի, Պեկինի և նման քաղաքների հետ, որտեղ անցկացվել են նման գիտաժողովներ: Ի դեպ, գիտաժողովն անցկացվում է 1953 թվականից սկսած, այն ամենաշատն անցկացվել է Փարիզում`11 անգամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս