«Նման ձևով փողեր չեն լվանում». Տիգրան Սարգսյանը՝ «օֆշորների» թեմայով

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ ամբիոնից անդրադարձավ իր անվան շուրջ պտտվող սկանդալային պատմությանը` Կիպրոսում գրանցված ձեռնարկության բաժնետեր լինելու վերաբերյալ: «Վերջին 25 տարիների ընթացքում մասնագիտական գործունեությունս տնտեսական, ֆինանսական ոլորտում է: Փողերի լվացման հայեցակարգը Հայաստանում  ներդվել է իմ անմիջական մասնակցությամբ: Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ մի փոքր պատկերացում ունեմ` ինչ բան է օֆշորային գոտի, փողերի լվացում: Հիմա ես մեղադրվում եմ  ինչ-որ մեկից բիզնեսը խլելու, փողերի լվացման մեջ: Ֆինանսական համակարգի հետ մի փոքր առնչություն ունեցող մարդը կհավաստի, որ սա անհեթերություն է, որը իմ մտքով անցնել նման բան չէր կարող»,- ասաց վարչապետը: Նրա խոսքով` որևէ մեկի համար դժվար չէ այսօր օֆշորային գոտում ստեղծել ձեռնարկություն, օրինակ, Նիկոլ Փաշինյանի անունով` դրա համար նրանից չունենալով թույլտվություն: Սա է, ըստ Սարգսյանի, օֆշորային գոտիների առանձնահատությունը: «Ես համարում եմ, որ սա անհեթեթություն է, ինքս չեմ գրանցել որէ օֆշորային գոտում կազմակերպություն, որևէ մեկին լիազորություն չեմ տվել գրանցել այդ կազմակերպությունը»,- շեշտեց վարչապետ Սարգսյանը: Ըստ նրա` այս ամենն ունի այլ նպատակ` վարկաբեկել իրեն. «Նման ձևով փողեր չեն լվանում, իսկ եթե ուզում ես մեկին վարկաբեկել, սա հիասքանչ ձև է և հնարավորություն: «Հայկական Ժամանակ» թերթն ինձ հարց  էր տվել, թե որտե՞ղ էի ես այն ժամանակ, երբ գրանցվել է այդ ձեռնարկությունը: Ես պաշտոնական այցով գտնվել եմ Պրահայում, բազմաթիվ լրագրողներ եղել են ինձ հետ: Միևնույն ժամանակ չէի կարող գտնվել և Կիպրոսում, և Պրահայում կամ թռնել Կիպրոս Պրահայից»,- նշեց նա:

Վարչապետը հավաստիացրեց, որ ինքը  հանգիստ է վերաբերում այս պատմությանը, որովհետև «ոչ վերջինն է, ոչ առաջինը»: Նա հիշեցրեց, որ իր անունը տարբեր սկանդալալային պատմությունների հետ կապելու փորձեր բազմաթիվ են եղել: «Երբ ես ԿԲ նախագահ էի, ինձ ասում էին, որ բանկերը փակում եմ` ցանկանալով դառնալ բանկերի նախագահ, ավելին՝ ասում էին, թե ունեմ դղյակ: Շրջանառության մեջ դրվեցին նոր մեղադրանքներ` պարզվում է սեփականատերն եմ Նաիրիտի»,- ասաց նա` ավելացնելով, որ իրենք որդեգրել են պաշտոնյաների ունեցվածքը հրապարակային դարձնելու ճանապարհը: Վարչապետը համոզմունք հայտնեց, որ սա ճիշտ ճանապարհ է, որպեսզի պաշտոնյան կաշկանդված լինի, իմանա, որ իրեն «խոշորացույցով» են նայելու: «Ուրախ եմ, որ թիրախը ես եմ: Ու ապագայում պետք է պատրաստ լինեմ` ներկայացնել բավարար ապացույցներ, եթե մենք գործ ունենք տարբեր տիպի սպեկուլյացիների հետ»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս