Euronews-ը զայրացրել է Ադրբեջանին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիան Euronews հեռուստաալիքից պահանջել է ներողություն խնդրել՝ կապված բանաստեղծ Նիզամի Գյանջևիի մասին սյուժեի ցուցադրման հետ:

Ադրբեջանի ԳԱԱ-ն դժգոհություն է հայտնել, որ Նիզամի Գյանջևին անվանվել է պարսիկ բանաստեղծ: ԳԱԱ-ի Գյանջայի (Գանձակ) մասնաճյուղի ներկայացուցիչները եկել են այն եզրակացության, որ տվյալ հաղորդման բովանդակությունը «կրում է խեղաթյուրված և վիրավորական բնույթ՝ Ադրբեջանի ազգային ու բարոյական արժեքների հանդեպ»:

Euronews-ի այդ հաղորդումը հեռարձակվել է նախորդ շաբաթվա վերջին: Դրանում ընդգծվել է, որ պարսկական բանաստեղծական արվեստի դասական Նիզամին ծնվել է ժամանակակից Ադրբեջանի տարածքում: Ապա պատմվել է, թե Ադրբեջանը որքան մեծ կարևորություն է տալիս բանաստեղծի ժառանգությանը:

Հիշեցնենք, որ միջնադարյան Արևելքի մեծագույն բանաստեղծներից Նիզամին, ով պարսկական դյուցազներգության մեջ բերել է ռեալիստական ոճ, ապրել է 1141-1209 թվականներին:

Ի դեպ, 2011 թվականի դեկտեմբերին ադրբեջանցի գիտնական, պրոֆեսոր Սիրիուս Աշեմովը հայտարարել էր, որ Նիզամին ստեղծագործել է 800 տարի առաջ, մինչդեռ Ադրբեջանն ունի ընդամենը 20 տարվա պատմություն և ստեղծվել է իրանական Առան ու Շիրվան տարածքների վրա: Նա հիշեցրել էր, որ մինչև 1918 թվականը գոյություն չի ունեցել Ադրբեջան անվանմամբ պետություն:

Տեսանյութեր

Լրահոս