Բաժիններ՝

Հայաստանի հավաքականի ֆանտաստիկ come back-ը. Դանիան ջախջախված է (տեսանյութ)

2014 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս գերազանց հաղթանակ տարավ Դանիայի ընտրանու նկատմամբ և վաստակած 6 միավորով հավասարվեց վերջինիս:

Այս հանդիպումը չափազանց կարևոր էր մեր տղաների համար: Թեև քչերն էին հավատում, որ Հայաստանի հավաքականը 4 անընդմեջ պարտությունից հետո կկարողանա պարտության մատնել Դանիայի ուժեղ ընտրանուն, բայց սա մեր վերջին հնարավորություններ էր` ապացուցելու, որ նախորդ ընտրական փուլի (Եվրոպայի առաջնության) հաջողությունը պատահական չէր:

Վարդան Մինասյանն ու նրա սաները գերազանցեցին բոլոր սպասելիքները` 4:0 հաշվով հաղթելով Եվրոպայի ուժեղագույն հավաքականներից մեկին:

Ամեն ինչ սկսվեց հանդիպման առաջին իսկ րոպեից (30-րդ վայրկյան), երբ Արազ Օզբիլիսի գերազանց փոխանցումից հետո Յուրա Մովսիսյանը ոչ մի շանս չտվեց մրցակցի դարպասապահին:

Կարդացեք նաև

Գոլից հետո որոշ ժամանակ մեր ֆուտբոլիստները փորձում էին հանգստացնել խաղը և դա նրանց հաջողվեց: Տանտերերը նոր էին դուրս եկել շոկից, երբ 19-րդ րոպեին Արազ Օզբիլիսը կրկնապատկեց հաշիվը, իսկ մինչ այդ` 16-րդ րոպեին Գևորգ Ղազարյանի հարվածից հետո դարպասաձողը փրկեց դանիացիներին:

Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածն անցավ նույն տրամաբանությամբ. Դանիան ավելի շատ էր գնդակով, բայց մեր գրոհները շատ ավելի վտանգավոր էին, այդուհանդերձ, թիմերն ընդմիջման գնացին 0:2 հաշվով:

Երկրորդ խաղակեսի մեկնարկից դանիացիները պաշարեցին Հայաստանի հավաքականի տուգանային հրապարակը, բայց մեր տղաները կարողացան հաղթահարել ճնշումը և 58-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը բիլյարդային հարվածով հաշիվը դարձրեց խոշոր, գոլային գրոհին ակտիվ մասնակցություն ունեցան Արազ Օզբիլիսն ու Հենրիխ Մխիթարյանը:

Վարդան Մինասյանի սաները շարունակեցին գրագետ պաշտպանվել` հակագրոհելու առիթը բաց չթողնելով: 71-րդ րոպեին մի գրոհի ընթացքում Մխիթարյանն ու Մովսիսյանը մեկական հրաշալի պահ կորցրեցին, վերջինիս հարվածից հետո պաշտպանը դատարկ դարպասից հանեց գնդակը:

Ի վերջո, իր խոսքն ասաց նաև մեր ընտրանու առաջատարը. Հենրիխ Մխիթարյանը ձախ եզրում ստացավ գնդակը, տեղափոխվեց կենտրոն, լավ դիրք դուրս եկավ և գերազանց հարվածով դրեց հանդիպման վերջակետը:

Դանիա – Հայաստան` 0:4: Հայաստանի հավաքականի come back-ը ստացվեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս