Սաֆարյանը պահանջում է վերադարձնել «նողկալի գովազդ-գովքի վրա ծախսված պետական միջոցները»

Երևան քաղաքի «Բարև Երևան» խմբակցության ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«ՀՀԿ-ից և Տարոն Մարգարյանից պահանջում եմ Երևանի բյուջե վերադարձնել նողկալի գովազդ-գովքի վրա ծախսված պետական միջոցները

Հունիսի 11, ժամը 18:45-19:15-ի միջակայքում Հ2 հեռուստաընկերությամբ ցուցադրվեց Տարոն Մարգարյանին գովերգող տեսանյութ` կադրի ձախ անկյունում մշտաներկա Երևանի քաղաքապետարանի զինանշանով: Մայրաքաղաքի զինանշնանի առկայությունը նշանակում է, որ այն վճարովի գովազդ է, դրա պատվիրատուն հանդիսանում է Երևանի քաղաքապետարանը, իսկ վճարումն էլ կատարվել է Երևան քաղաքի բյուջեի միջոցների հաշվին:

Հատկանշական է, որ տեսանյութը ոչ քաղաքապետարանի, ոչ էլ անգամ Երևանի ավագանու կամ նրա ՀՀԿ խմբակցության գործունեության մասին էր, այլև` բացառապես Տարոն Մարգարյան անձին նվիրված քստմնելի գովք: Տարակուսելի է, որ Երևան քաղաքի ավագանու «ընտրություններից» հետո էլ Երևանի քաղաքապետ կարգված անձնավորությունը կարիք ունի իրեն անմոռաց և էժանագին գովազդել նախընտրական քարոզչության տրամաբանության ոգով: Դա իր անձեռնամխելի իրավունքն ու նախընտրությունը կդիտեի, եթե իբրև գովազդատու չներկայացվեր Երևանի քաղաքապետարանը;

1.Դատապարտում եմ Երևանի քաղաքապետի ապօրինի գործունեությունը, որ հարկատուների հաշվին գոյացած բյուջետային միջոցները ծառայեցնում է իր անձի գովք կազմակերպելու համար: Իսկ թե որքան թանկ արժեն եթերային րոպպեները, այդ մասին գիտե յուրաքանչյուր քաղաքացի:

2. Պահանջում եմ Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հանրությանը և ինձ տեղեկատվություն տրամադրել, թե քանի՞ անգամ և ուրիշ ո՞ր հեռուստաընկերություններով է ցուցադրվել հիշյալ տեսանյութը, և որքա՞ն գումար է վճարվել այդ գովազդի համար:

3. Ակնկալում եմ, որ Տարոն Մարգարյանը և Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներողություն կխնդրեն երևանցիներից նրանց միջոցները անձնական նպատակներով վատնելու համար, և պահանջում եմ դրանք վերադարձնել Երևան քաղաքի բյուջե:

Հետգրություն: Անբարո է սեփական գովազդի համար պետական ու հանրային միջոցների վատնումը, այն էլ այնպիսի երկրում ու քաղաքում, որտեղ պետական վիճակագրության համաձայն ամեն մի երրորդ մարդ համարվում է աղքատ, և որտեղ թերսնվող կամ սոված, մուրացող, դպրոց չհաճախող երեխաներ կան:

Ստյոպա Սաֆարյան
Երևան քաղաքի «Բարև Երևան» խմբակցության ավագանու անդամ»

Տեսանյութեր

Լրահոս