«Արմեն Դուլյանը անհարգալից վերաբերմունք է դրսևորել հեռուստաընկերության հանդեպ». «Շանթ» հեռուստաընկերություն
Ինչպես արդեն տեղեկացրել էիքն, «Շանթ» հեռուստաընկերությունն աշխատանքից ազատել է լրագրող Արմեն Դուլյանին: Վերջինս դա կապում էր իր ֆեյսբուքյան գրառման հետ: Քիչ առաջ «Շանթ» հեռուստաընկերությունն իր կայքում պարզաբանում է տարածել դեպքի հետ կապված, որում մասնավորապես ասվում է.
«Հաշվի առնելով համացանցում տարածվող հակասական ու տարաբնույթ տեղեկություններն ու մեկնաբանությունները` հարկ ենք համարում հայտարարել, որ Շանթ հեռուստաընկերության համար ընդունելի չի կարող լինել մեկնաբան Արմեն Դուլյանի հետ հետագա համագործակցությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս անհարգալից վերաբերմունք է դրսևորել հեռուստաընկերության հանդեպ:
Սոցիալական ցանցում հայկական հեռուստատեսությունների պատասխանատուների հասցեին վիրավորական արտահայտություններն ու դրան հաջորդող ցինիկ, փողոցային լուտանքների հետ հրապարակավ համաձայնելը Դուլյանի հետ գործընկերային հարաբերությունները շարունակելու դաշտ չեն թողնում:
Մենք օգտակար ենք համարում ցանկացած աշխատանքային բանավեճ, ցանկացած կոռեկտ կարծիք, սակայն ցինիզմն ու վիրավորանքը կտրականապես անընդունելի են ցանկացած մակարդակում և ոչ մի օգուտ չեն տալիս»: