«Քարոզչությամբ զբաղվելու փոխարեն՝ շատ ավելի լավ կլինի, եթե վարչախումբը գոնե տարրական խնդիրներ լուծի». Ստեփան Դեմիրճյան
«Սերժ Սարգսյանն Անվտանգության խորհրդի վերջին նիստում կանխատեսումներ արեց տարածաշրջանային զարգացումների մասին` նշելով, որ տարածաշրջանի պատկերը մի քանի տարվա ընթացքում կտրուկ փոխվելու է, և մենք պետք է դրան պատրաստ լինենք»,- ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:
Վերջինս ավելացրեց. «Ինչպես ասում են՝ ապագան կանխատեսելու լավագույն ձևը այդ ապագան ստեղծելն է: Բայց ակնհայտ է, որ կեղծվող ընտրություններով, կոռումպացված կառավարման համակարգով, իշխանական պատվերները կատարող դատարաններով, մոնոպոլիզացված տնտեսությամբ, աղքատության ու գործազրկության այսօրվա բարձր մակարդակով մարդկանց մեջ վաղվա օրվա նկատմամբ վստահություն չես առաջացնի: Հենց հեռանկարի, երկրի ապագային նկատմամբ հավատի բացակայությունն է ստիպում մարդկանց լքել իրենց հայրենիքը: Այդ հավատը վերականգնելու համար իշխանությունները նախ պետք է ազնիվ լինեն ժողովրդի նկատմամբ»: Ս. Դեմիրճյանը նշեց, որ գործող ռեժիմի համար խոսքի ու գործի անհամապատասխանությունը դարձել է սովորական երևույթ: Նա հիեշեցրեց, որ իշխանությունները դեռևս հուլիսի 1-ից խոստանում էին աշխատավարձերի բարձրացում, ինչպես նաև հավաստիացնում էին, որ գազը չի թանկանա, սակայն տեղի ունեցավ հակառակը:
«Կամ ի՞նչ արժեն վարչախմբի հայտարարություններն՝ ազատ, արդար ընտրությունների, կոռուպցիայի դեմ պայքարի, իշխանության և բիզնեսի տարանջատման, օլիգոպոլիաների դեմ պայքարի մասին: Ո՞վ չգիտի, որ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ իշխանությունը դարձրել են բիզնես, կամ առ այսօր ո՞վ է պատասխան տվել իրեն վստահված ոլորտում առկա ձախողումների ու չարաշահումների համար,- ասաց նա` ավելացնելով,- Քարոզչությամբ զբաղվելու փոխարեն՝ շատ ավելի լավ կլինի, եթե վարչախումբը գոնե տարրական խնդիրներ լուծի ու ադեկվատ քայլեր անի ստեղծված ծանր իրավիճակը հաղթահարելու համար»: