Վրաստանը խստացնում է իր վիզային քաղաքականությունը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ Վրաստանը կարող է վերանայել մի շարք երկրների հետ ազատական վիզային քաղաքականությունը.
«Վրաստանում գոյություն չի ունեցել միգրացիոն քաղաքականություն, ինչի համար էլ տեղի են ունեցել ոչ քիչ թվով թյուրիմացություններ այլ երկրների կամ մասնավոր անձանց հետ: Արդարադատության նախարարի ղեկավարությամբ ստեղծվել է հանձնաժողով, որը կաշխատի միգրացիոն օրենսդրության ուղղությամբ:
Սա տեղի կունենա՝ հաշվի առնելով ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ գործողությունների պլանը: Չեմ բացառում, որ ուղղումներ կարվեն ազատական վիզային քաղաքականությունում:
Վրաստանը ոչ վիզային հաղորդակցություն ունի 121 երկրի հետ, որոնցից 114-ի հետ՝ միակողմանի կարգով, ինչն այդ երկրի քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում առանց վիզայի Վրաստանում գտնվել 160 օր:
Այդ երկրների մեծ մասը ոչ միայն փոխադարձ քայլերով չի պատասխանել Վրաստանին, այլև մենք անգամ տեղեկատվություն չենք ստացել, որ նրանք ուշադրություն դարձրած լինեն այդ որոշմանը: Իրեն հարգող ոչ մի երկիր չպետք է անի նման բան:
Այնպես որ չեմ բացառում, որ մի շարք երկրների հանդեպ մենք կփոխենք մեր մոտեցումները: Առավել ևս որ այդ երկրների մի մասից չունենք ո՛չ զբոսաշրջիկներ, ո՛չ էլ տնտեսական ներդրումներ:
Բացի այդ, երբ աշխարհում տիրում է նմանատիպ իրավիճակ մենք պետք է բարձրացնենք մեր երկրի անվտանգությունը»: