
Երիտասարդները չեն համբուրի օտարազգիների քղանցքը. Բահչելին՝ Էրդողանին

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին կուսակցական ժողովում սուր քննադատության է ենթարկել վարչապետ Ռեջեփ Էրդողանին՝ կապված «Գեզի» այգու հանդեպ վերջինիս ունեցած դիրքորոշման հետ:
Մասնավորապես, Բահչելին Էրդողանին մեղադրել է լարվածության թեժացման մեջ՝ ընդգծելով, որ վարչապետը պատասխանատու է թշնամություն սերմանելու, բանկերը քայքայելու և ժողովրդին աղքատացնելու համար.
«Հանրահավաքներն ահաբեկել են Էրդողանին: Նա պառակտում է հասարակությանը: Մի մասը Մուսթաֆա Քեմալի զինվորներն են, իսկ մյուս մասը՝ Էրդողանի: Վարչապետն իրեն պահում է որպես ամենակոշտ սադրիչ:
Էրդողանը շատ վտանգավոր խաղ է սկսել, նա սպառնում է երիտասարդությանը: Ի՞նչ կարող ես անել նրա հետ: Կախաղան կբարձրացնե՞ս, կկտրտե՞ս, կսպանե՞ս նրան: Երիտասարդությունը չի համբուրի օտարազգիների քղանցքը:
Ի՞նչ են նշանակում երիտասարդությանը հասցեագրած քո հայտարարությունները: Թուրք երիտասարդությունը մեր ապագան է: Մենք քեզ թույլ չենք տա վիրավորել թուրք երիտասարդությանը»:
Բահչելին ողջ ազգին և մասնավորապես երիտասարդներին կոչ է արել օգտվել իրենց ընտրական իրավունքից, չքվեարկել Էրդողանի օգտին և նրա կուսակցությունն ուղարկել պատմության գիրկը՝ ընդգծելով, որ իրենք պատրաստ են վերստին գալ իշխանության: