Բաժիններ՝

Չինական ընկերությանը վստահվել է «21-րդ դարի մեգանախագծի» իրագործումը

ИноСМИ.Ru-ի փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ լատինամերիկյան ԶԼՄ-ներում հայտնվեց սենսացիոն տեղեկատվություն, ըստ որի՝ Նիկարագուայի իշխանությունները համաձայնվել են չինական HK Nicaragua Canal Development Investment Co. Ltd ընկերությանը 100 տարվա կոնցեսիա տրամադրել Նիկարագուայի ջրանցքի կառուցման համար, որն այլընտրանք կհանդիսանա Պանամայի ջրանցքին:

Ներկա դրությամբ միջօվկիանոսյան ջրանցքի նախագիծն իր մեծությամբ հավասարը չունի աշխարհում: Խոսքը գնում է «21-րդ դարի մեգանախագծի» մասին, որի արժեքը գնահատվում է 40 միլիարդ դոլար, ինչը հինգ անգամ գերազանցում է Նիկարագուայի տարեկան ՀՆԱ-ն:

Նիկարագուայի ջրանցքը միմյանց կկապի Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսի ջրերը: Երկրի նախագահ Դանիել Օրտեգան հայտարարել է, որ ջրանցքը կառուցվելու է Նիկարագուա լճի միջով: Նախագծի մասշտաբներն ապշեցուցիչ են: Ենթադրվում է, որ ջրանցքի կառուցման ժամանակ գետնից դուրս կբերվի 2.7 միլիարդ խորանարդ մետր հող:

Ակնկալվում է, որ ջրանցքի խորությունը կկազմի 22 մետր, լայնությունը՝ 20 մետր, իսկ երկարությունը՝ 286 կիլոմետր: Այդ երեք ցուցանիշով նա կգերազանցի Պանամայի ջրանցքին: Ջրանցքը 800 կիլոմետրով կկրճատի ԱՄՆ ատլանտյան նավահանգիստներից խաղաղօվկիանոսյան նավահանգիստներ տանող ճանապարհը:

Բացի այդ, Նիկարագուայի ջրանցքով կարող է անցնել մինչև 270.000 տոննա բեռնատարողությամբ նավեր, մինչդեռ անգամ ընդլայնվելուց հետո Պանամայի ջրանցքով կարող են անցնել միայն կրկնակի պակաս ջրատարողությամբ նավեր (ներկայումս դա կազմում է 70.000 տոննայից ոչ ավելի, իսկ 2015 թվականին՝ արդիականացման ավարտից հետո, 130.000 տոննայից ոչ ավելի):

Նախագիծն իրենում ներառում է նաև երկաթուղու, երկու օդանավակայանի ու նավթամուղի կառուցում: Նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը պատրաստ կլինի մինչև 2014 թվականի մայիսը: Ջրանցքի կառուցումը կստեղծի մոտ 1 միլիոն աշխատատեղ՝ տեղաբնակների և սահմանակից երկրների բնակիչների համար: Ջրանցքի կառուցմամբ՝ երկրում կստեղծվի 40.000 մշտական աշխատատեղ:

Screenshot_2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս