
Դամասկոսի կենտրոնում իրականացվել է կրկնակի ահաբեկչություն. կան զոհեր

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դամասկոսի կենտրոնում այսօր իրականացվել է կրկնակի ահաբեկչություն: Դրա հետևանքով զոհվել է առնվազն 14 և վիրավորվել է 31 մարդ:
Սիրիական իշխանությունների տվյալներով՝ երկու մահապարտ-ահաբեկիչների թիրախում է գտնվել Դամասկոսի կենտրոնում գտնվող ոստիկանատունը: Ահաբեկիչներից մեկին հաջողվել է ներթափանցել շենք և իրեն պայթեցնել աշխատակիցների շրջանում: Իսկ ահա երկրորդ ահաբեկիչն իր ռումբը գործի է դրել շենք մտնելիս:
Տեղի բժիշկները հայտնել են, որ զոհվածների քանակը կարող է աճել, քանի որ վիրավորներից շատերը գտնվում են ճգնաժամային վիճակում: Դեպքի վայրում աշխատում են հրշեջ և շտապօգնության բրիգադները:
Պայթյունների պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել, սակայն սովորաբար նման հարձակումներ կազմակերպում է «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ կապված «Ջաբհաթ ան-Նուսրա» ապստամբական խմբավորումը: