
Ֆրանսիայում գործադուլի պատճառով չեղյալ է հայտարարվել 1800 ավիաչվերթ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի հիմնական օդանավակայաններում չեղյալ է հայտարարվել ընդհանուր առմամբ 1800 չվերթ՝ այսօր մեկնարկած ավիադիսպետչերների գործադուլի պատճառով:
Այս մասին հայտարարել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը: Հիմնականում չեղյալ են հայտարարվել տարածաշրջանային և ներեվրոպական չվերթները: Չեղյալ հայտարարված չվերթների կեսը բաժին է ընկել մայրաքաղաք Փարիզի օդանավակայաններին:
Նիցցայից չի թռչի ինքնաթիռների 30 տոկոսը: Գործադուլն առնչվել է նաև Բորդոյի, Լիոնի, Մարսելի, Թուլուզի և Փարիզի մոտ գտնվող Բովեի օդանավակայաններին:
Հիմնական արհմիությունների կողմից կազմակերպված գործադուլն իրականացվում է որպես բողոքի նշան՝ ընդդեմ ԵՄ-ի հրահանգներին համապատասխան, ոլորտի ազատականացման:
Բրյուսելի մտադրության համաձայն, Եվրոպայում պետք է ստեղծվի «միասնական երկինք», ինչը ենթադրում է վերացնել ազգային սկզբունքով օդային տիրույթի ներկայիս տարանջատումը և ԵՄ-ի շրջանակներում մտցնել միասնական ղեկավարում: Գործադուլը կտևի երեք օր և կավարտվի հինգշաբթի երեկոյան: