Տարոն Մարգարյանը երդվեց

Մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրություններում հաղթանակ տարած ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը քիչ առաջ երդվեց՝ ստանձնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը: Նա խոստացավ աշխատանքը կատարել պահպանելով ՀՀ սահմանադրությունը, օրենքները, ավագանու որոշումները, անձնվորեն կատարել քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը և այլն:

Տարոն Մարգարյանին հանձնվեց խորհրդանշական լանջաշղթան, որը հանձնելու համար հրավիրվեց Ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը: Ի դեպ, երդման ստորագրված տեքստը ի պահ կդրվի Երևանի պատմության թանգարանում:

Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ողջունեց Տարոն Մարգարյանի վերընտրությունը Երևանի քաղաքապետի պաշտոնում, ապա հիշեցրեց. ‹‹Մենք ներկա էինք Տարոն Մարգարյանի երդման առաջին արարողությանը, երբ նախագահն իր խոսքի ավարտին ասաց՝ «Տարոն, հուսախաբ չանես»: Տարիներ անց մենք կարող ենք արձանագրել , որ մշակն իր բարձին արժանի է: Լանջաշղթան հանձնված է ձեզ՝ հաղթահարելով բազում դժվարություններ: Կենսօգուտ աշխատանքով, բանիմացությամբ, քաղաքական մշակույթի տեսլականով դուք հարստացրիք քաղաքապետի ներկա կենսագրությունը››,- ասաց նա՝ ավելացնելով, որ Տարոն Մարգարյանի վեընտրությունը պարգևեց նոր հույս: Նա նշեց, որ հիմա առավել ևս Տարոն Մարգարյանը պետք է արդարացնի քաղաքացու վստահությունը և շեշտեց, որ հայ առաքելական եկեղեցին մշտապես իր զորակցումն է բերելու Երևան քաղաքին:

Ապա խոսքը տրվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ով շնորհավորեց բոլորին ավագանու ու քաղաքապետի ընտրությունները «բարեհաջող» ավարտին հասցնելու կապակցությամբ: Ս. Սարգսյանը նշեց, որ ՀՀԿ-ն վստահել էր Տարոն Մարգարյանին գլխավորելու իր ցուցակը ավագանու ընտրություններում: «Ես շնորհակալ եմ, բոլոր երևանցիներին, որ վստահեցին Տարոն Մարգարյանին ու նրա գլխավորած ցուցակին տվեցին իրենց ձայների գերակշիռ մասը: Վստահեցին, որովհետև նախորդ տարիների ընթացքում Տարոն Մարգարյանը իրեն դրսևորեց՝ որպես համեստ, ազնիվ, մարդամոտ, Երևանի պրոբլեմներով մտահոգ քաղաքապետ: Բոլոր ընտրություններից հետո գալիս է պատասխանատվության, քրտնաջան աշխատանքի պահը և ես հահոմզված եմ, որ ճիշտ ժամանակն է, որ տարոն Մարգարյանն ու իր թիմակիցները ավելացնեն իրենց եռանդը, ջանքները, որպեսզի զարգացնեն այն որակները, ինչի մասին ես հիմա ասացի»:

Կարդացեք նաև

Ս. Սարգսյանի խոսքով՝ Երևանում չկան անլուծելի ու լուծելի խնդիրներ, կան դժվար լուծելի ու աշխատանքով լուծվող խնդիրներ: Ս. Սարգսյանի համոզմամբ՝ եթե Տարոն Մարգարյանն ու իր թիմակիցները շարունակեն վայելել երևանցիների վստահությունը, ապա նրանք շատ բան կանեն:

Տեսանյութեր

Լրահոս