Իրանի նախագահական ընտրությունները լուսաբանելու է 39 երկրի 421 լրագրող

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահական ընտրությունները լուսաբանելու է 39 երկրի 421 լրագրող: Այս մասին հայտարարել է Իրանի մշակույթի նախարարության՝ օտար ԶԼՄ-ների գծով վարչության ղեկավար Մահամադնասիր Խագիգաթը:

Վերջինիս խոսքերով՝ ընտրությունների ընթացքը լուսաբանելու նպատակով արդեն իսկ Իրան մուտք գործելու վիզա է հատկացվել 28 երկրի 86 ԶԼՄ-ի 186 լրագրողի: Նա հավելել է, որ 27 երկրի 115 ԶԼՄ-ի 235 լրագրող էլ հանդիսանում են Թեհրանում գրասենյակ ունեցող օտար ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Խագիգաթն ընդգծել է, որ նախագահական ընտրություններում երկրորդ տուրի առկայության դեպքում կարող են երկարաձգվել երկիր ժամանած լրագրողների վիզաները, եթե, իհարկե, նրանք հայտնեն նման ցանկություն:

Նշվում է, որ Իրանի նախագահական ընտրությունները լուսաբանելու են Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄԷ-ից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Իրաքից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Չինաստանից և այլ երկրներից ժամանած լրագրողները:

Իրանում 11-րդ նախագահական ընտրություններն անցկացվելու են հունիսի 14-ին:

Տեսանյութեր

Լրահոս