
ԱՄՆ Գերագույն դատարանն ընդունել է հակահայկական որոշում

Asbarez թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ Գերագույն դատարանը երեկ հայտարարել է, որ չի դիտարկելու և չի վերանայելու 9-րդ շրջանային դատարանի որոշումը՝ կապված Հայոց ցեղասպանության իրավահաջորդներին փոխհատուցում տրամադրելու ժամկետը երկարաձգելու մասին Կալիֆոռնիայում ընդունված օրենքի չեղյալ հայտարարման հետ:
Այս մասին հայտնել է Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն (ANCA):
Հիշեցնենք, որ 2000 թվականին Կալիֆոռնիայի օրենսդիր մարմինն ընդունեց մի օրենք (Կալիֆոռնիայի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 354.4 բաժին), որի համաձայն Հայոց ցեղասպանության զոհերի կամ նրանց ժառանգների կողմից` 1875-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում ապրողներին ապահովագրերի հետ կապված պահանջների վաղեմության ժամկետը երկարաձգվում էր սկզբում մինչեւ 2010 թվականը, ապա` 2016 թվականը:
2012 թվականի փետրվարի 23-ին 9-րդ շրջանային դատարանը, 12 դաշնային դատավորների կազմով, միաձայն որոշում կայացրեց, որ Կալիֆոռնիայի օրենքը հակասահմանադրական է, քանի որ «այն խոչընդոտում է դաշնային կառավարության արտաքին քաղաքականության բացառիկ իրավասությանը»: