
Թուրքիայի իշխանությունները պետք է հետաքննեն ոստիկանության գործողությունները. ԱՄՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Թուրքիայի իշխանությունները պետք է հետաքննեն ցուցարարների հանդեպ ոստիկանության գործողությունները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին.
«Մենք շարունակում ենք անհանգստությամբ հետևել իրադարձություններին: ԱՄՆ-ն ամբողջովին աջակցում է ազատ արտահայտվելուն և հանրահավաքներ անցկացնելուն՝ ներառյալ խաղաղ բողոքը՝ որպես յուրաքանչյուր ժողովրդավարության արմատական հիմք:
Մենք կարծում ենք, որ ցուցարարների ճնշող մեծամասնությունը սովորական, օրինապահ քաղաքացիներ են, որոնք օգտագործում են իրենց իրավունքները»:
Նշվում է, որ անցած գիշեր ոստիկանությունն Անկարայում բախվել է ցուցարարների հետ, իսկ այսօր առավոտյան հատուկջոկատայինները ցրել են «Թաքսիմ» հրապարակում հավաքվածներին: