
«Թուրքիայում հայերի Ցեղասպանությունը մարդկության ամենաամոթալի և հրեշավոր էջերից է»

Աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալիեն երեկ դստեր` երգչուհի Մոնսերատ Մարտիի և ստեղծագործական իր խմբի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ` Ցեղասպանության հուշահամալիր, և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Թուրքիայում հայերի ցեղասպանությունը մարդկության ամենաամոթալի և հրեշավոր էջերից է»,- ասել է Մոնսերատ Կաբալիեն: Այնուհետև երգչուհին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Աշխարհահռչակ երգչուհին Մայր տաճարում մասնակցել է եկեղեցական արարողության, աղոթել: Սարկավագների կատարմամբ շարականներ են հնչել, որից երգչուհին հուզվել է: Թեև 80-ամյա երգչուհուն բժիշկները զգուշացրել էին` շրջագայությունը կարող է վտանգավոր լինել, այնուամենայնիվ, Կաբալիեն իրականացրեց իր որոշումը` այցելելով Հայաստան և Արցախ: «Առաջարկում եմ ձեզ իմ ձեռքն ու սիրտը»,- Արցախում ասել էր Մոնսերատ Կաբալիեն` նշելով, որ իր այս շրջագայությունն ինքը կատարում է որպես քրիստոնյա, ով ցանկանում է լինել հայկական եկեղեցիներում և ծանոթանալ հոգևոր արժեքների հետ, ինչպես նաև` որպես Միացյալ Ազգերի Կազմակերպության Պատվավոր դեսպան: