Վրաերթեր` Երևանում. Հիվանդանոց տեղափոխվածների մեջ է 14-ամյա երեխան
Այսօր՝ հունիսի 10-ին, վրաերթեր են տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում, Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 24/3 շենքի դիմաց Երևան քաղաքի Թավրիզյան փողոցի բնակիչ, 51-ամյա Ստյոպա Սարգսյանը, վարելով իրեն ամրակցված VAZ 21-06 մակնիշի Տ 0419 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղի բնակիչ, 58-ամյա Ավետիք Պետրոսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը: Այսօր, ժամը 15:30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Գարիկ Սեդոյանը, Աբրահամյան պողոտայում՝ Անելիք բանկի հարևանությամբ, իր վարած VAZ 2121 մակնիշի 01 ՏԼ 101 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 14 ամյա Ռեբեկա Տոնապետյանին, ինչի հետևանքով Ռ. Տոնապետյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը՝ Գ. Սեդոյանը աշխատում է թիվ 12 հատուկ դպրոցում որպես տնտեսվար: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի