Երևանում է ԱԷՄԳ տնօրենի տեղակալը
Հունիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրենի տեղակալ, միջուկային էներգիայի ստորաբաժանման տնօրեն Ալեքսանդր Բիչկովին:
Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ Հայաստանի եւ ԱԷՄԳ միջեւ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ ունեն ընդլայնման եւ խորացման ուղղվածություն:
Կարեւորելով իր առաջին այցը Հայաստան` Ալեքսանդր Բիչկովը նշեց, որ արդյունավետ հանդիպումներ է ունեցել իր հայաստանցի գործընկերների հետ: Նա կարեւորեց, որ Հայաստանը կարողացել է զարգացնել սեփական ատոմային էներգետիկան եւ Հայաստանի օրինակը ուսանելի է այն պետությունների համար, որոնք նոր են ընթանում այդ ոլորտի զարգացման ճանապարհով:
Իր հերթին փոխնախարար Հովակիմյանը շեշտեց, որ Հայաստանը կարեւորում է ԱԷՄԳ հետ հարաբերությունների հետագա սերտացումը` խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի զարգացման, ՀԱԷԿ-ի միջուկային անվտանգության ապահովման, տեխնիկական համագործակցության խորացման եւ հայկական ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման տեսանկյուններից:
ԱԳ նախարարի տեղակալը նաեւ շնորհակալություն հայտնեց ԱԷՄԳ կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության եւ հայ մասնագետների շարունակական վերապատրաստման ընձեռված հնարավորությունների համար: