Մանկապարտեզներում ջրծաղիկի համաճարա՞կ է

Այսօր «Ա1+» -ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի թիվ 9 մանկապարտեզի ծնողներից մեկն ահազանգել է, որ իրենց մանկապարտեզում ջրծաղիկի կարանտին է հայտարարված։

Երբ խմբագրությունից զանգահարել են մանկապարտեզ՝ նկարահանումներ անելու, նրանց չեն թույլատրել՝ պատճառաբանելով որ մանկապարտեզում կարանտին է ջրծաղիկի։

Տեղեկությունը հաստատել են նաև մանկապարտեզի տնօրենն ու բուժքույրը։ Իսկ թե քանի երեխա չի հաճախում մանկապարտեզ և ինչքան ժամանակ, մանկապարտեզի տնօրենը խորհուրդ է տվել պարզել Կենտրոն վարչական շրջանի կրթության վարչությունից և չներկայանալով՝ հեռախոսն անջատել է։

Առողջապահության նախարարությունից «Ա1+»-ին հայտնել են, որ իրենք զրուցել են մանկապարտեզի տնօրենի հետ։ Վերջինս հերքել է կարանտինի մասին լուրերը։

«Մանկապարտեզում ջրծաղիկի վերջին դեպքը եղել է մայիսի 15-ին, այսօր որևէ սահմանափակող միջոցառում մանկապարտեզում չի արվում»,-նշել է Առողջապահության նախարարության Հիգիենիկ Հակահամաճարակային ծառայության գլխավոր մասնագետ Լիլիթ Պարոնյանը։

Քաղաքապետարանից նույնպես խոստացել են ինֆորմացիա տրամադրել, սակայն ամբողջ օրվա ընթացքում որևէ տեղեկություն չեն հայտնել։

«Ա1+»

Տեսանյութեր

Լրահոս