Բաժիններ՝

Բանկի մասնաճյուղի կառավարչը մեղադրվում է ավելի քան 300 հազար դոլար հափշտակելու մեջ

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է բանկի` «Մալաթիա» մասնաճյուղի կառավարիչ Կ.Գյուլնազարյանի կողմից յուրացում, վաշխառություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Կ.Գյուլնազարյանը 2007թ. մայիսին Ա.Մովսեսյանի հետ գործարք է կատարել` վերջինիս համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, որի արդյունքում Ա.Մովսեսյանն ընկել է նյութական ծանր վիճակի մեջ, իսկ Կ.Գյուլազարյանը` օգտվել այդ գործարքից:

Մասնավորապես` Կ.Գյուլնազարյանն Ա.Մովսեսյանին առաջարկել է իրեն ունեցած 2500 ԱՄՆ դոլար պարտքը մարելու համար իր բարեկամուհուց տոկոսով գումար վերցնել: 2002թ. հոկտեմբերին Ա.Մովսեսյանը, Կ.Գյուլնազարյանի միջնորդությամբ, վերջինիս բարեկամուհուց պարտքով վերցրել է 3000 ԱՄՆ դոլար գումար` ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող` ամսական 5 տոկոսով:

Որպես գումարն ու տոկոսները վերադարձնելու երաշխիք` Ա.Մովսեսյանի հայրը սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանը առուվաճառքի պայմանագրով ձևականորեն վաճառել է Կ.Գյուլնազարյանի բարեկամուհուն:

2006թ. Կ.Գյուլնազարյանի բարեկամուհին մահացել է, որից հետո վաճառված բնակարանը ժառանգությամբ ընդունել են վերջինիս զավակները:

2007թ. մայիսին Կ.Գյուլնազարյանը, իմանալով, որ Ա.Մովսեսյանը դեռևս 2002թ. վերցրած պարտքից 1000 ԱՄՆ դոլարն ու դրա տոկոսագումարներ` ընդհանուր 2000 ԱՄՆ դոլար, ի վիճակի չէ վերադարձնել մահացած բարեկամուհու որդուն, Ա.Մովսեսյանին առաջարկել է բնակարանը վաճառքի պայմանագրով անվանափոխել իր մորաքրոջ աղջկա անունով, որի դիմաց պարտավորվել է վճարել նրա պարտք-գումարը և տոկոսագումարները:

2007թ. սկզբին Կ.Գյուլնազարյանը 25 652 861 դրամ արժողությամբ բնակարանը 2000 ԱՄՆ դոլար պարտքի դիմաց ձևականորեն վաճառել է իր մորաքրոջ աղջկան` դրանով հնարավորություն ստեղծելով նշված գույքը ցանկացած պահի իր հայեցողությամբ տնօրինելու: Գործարքը ձևակերպվել է 20 մլն. դրամով:

Արդյունքում` Կ.Գյուլնազարյանը, օգտվելով Ա.Մովսեսյանի համար ոչ ձեռնտու պայմաններում կնքված գործարքի արդյունքում բնակարանն իր տնօրինության տակ գտնվելու հանգամանքից, 2009թ. մայիսի 15-ին իր մորաքրոջ աղջկա միջոցով, առանց Ա.Մովսեսյանին տեղյակ պահելու, բնակարանը գրավադրել է բանկում: Սակայն վարկային իր պարտավորությունները չկատարելու արդյունքում նշված բնակարանը 2012թ. օգոտոս ամսին անցել է բանկին` որպես սեփականություն, իսկ Մովսեսյանները զրկվել են իրենց բնակարանից:

Բացի այդ, Կ.Գյուլնազարյանը, ով 2003թ. հունիսից հանդիսացել է բանկերից մեկի «Մալաթիա» մասնաճյուղի կառավարիչ, նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` թվով 10 ավանդատուների` որպես ավանդ ներդրված գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2010թ. փետրվարից մինչև 2010թ. դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ժամկետից շուտ ավանդի գումարները հետ վերադարձնելու վերաբերյալ դիմումներում կեղծելով ավանդատուների ստորագրությունները, դրամարկղից ստացել և յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 110 422 665 դրամին համարժեք 300 863 ԱՄՆ դոլար և 952 485 ՀՀ դրամ` բանկին պատճառելով ընդհանուր 111 127 116 դրամի գույքային վնաս:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ.Գյուլնազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս