
Google-ը իսրայելական ստարտափը կգնի 1.3 միլիարդ դոլարով

Google ընկերությունը պայմանագիր է ստորագրել Waze իսրայելական նորաստեղծ (start-up) ընկերությունը գնելու մասին: Waze ընկերությունը զբաղվում է նավիգացիոն համակարգերի համար հավելվածների ստեղծմամբ: Որոշ տվյալների համաձայն, Google-ը համաձայնել է նորաստեղծ ընկերությանը վճարել 1.3 մլրդ դոլար:
Պայմանագրի համաձայն, Waze-ը չի մտնի ինտերնետային հսկա ընկերության մեջ, այլ կմնա անկախ:
Նշենք, որ նորաստեղծ ընկերությունը գնելու ցանկություն են հայտնել Facebook-ը և Microsoft-ը, սակայն Google-ն ավելի մեծ գումար է առաջարկել:
Waze ընկերությունը հիմնվել է 2009 թվականին Իսրայելի երեք ծրագրավորողների կողմից: Նրանց կողմից ստեղծված ծրագիրը հնարավորություն է տալիս իմանալ տեղեկանալ խցանումների, վիդեոհսկողության տեսախցիկների, ոստիկակական բաժանմունքների և այլ ճանապարհային օբյեկտների մասին: Waze-ին տեղեկություններ հաղորդում են իրենք` օգտվողները: Նշվում է, որ հավելվածը հասանելի է Android, iOS, Symbian, Windows Mobile և BlackBerry սմարթֆոններում, որոնք GPS ունեն: Waze-ի լսարանը համեմատաբար փոքր է: Համակարգում գրանցված են 47 մլն մարդ, որոնցից ակտիվ է 32%-ը: